Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանում աստղագիտության զարգացումը, Հայաստանի և արտասահմանի աստղագիտական կառույցների միջև համագործակցության խթանումը, հայ և օտարազգի աստղագետների միջև կապերի և համագործակցության ամրապնդումը, Հայաստանում աստղագիտական կրթությանը նպաստումն ու գիտության մասսայականացումը: ՀԱԸ-ն ստեղծվել է 1999թ. և պաշտոնապես գրանցվել 2001թ.: Այն հանդիսանում է Եվրոպական աստղագիտական ընկերության (EAS) անդամ ընկերություններից մեկը: ՀԱԸ-ն ունի մոտ 90 անդամ Հայաստանից ու մի շարք այլ երկրներից և փաստացի կարող է համարվել միջազգային կազմակերպություն: ՀԱԸ հիմնական գործունեությունը հանգում է իր համացանցային կայք-էջում Բյուրականի աստղադիտարանի, հայկական և համաշխարհային աստղագիտության մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելուն, էլեկտրոնային տեղեկագրերի տարածմանը, տարեկան համաժողովների և երիտասարդ աստղագետների համար Բյուրականյան միջազգային դպրոցներ կազմակերպմանը, երիտասարդ աստղագետների համար ՀԱԸ տարեկան մրցանակների հանձնմանը, հայ աստղագետների տվյալների շտեմարանի և աստղագիտական իրադարձությունների օրացույցի ստեղծմանը, կրթական գործունեությանը և ՀԱԸ խորհրդի ընթացիկ աշխատանքներին: ՀԱԸ կարևորագույն նախաձեռնություններից մեկը Հայաստանում երբևէ տեղի ունեցած խոշորագույն գիտական իրադարձության` Եվրոպական աստղագիտական տարեկան համագումարի (JENAM-2007) կազմակերպումն էր: ՀԱԸ-ն Հայաստանում զարգացնում է գիտական լրագրությունը իր պարբերաբար տարածվող մամուլի հաղորդագրությունների միջոցով:



ՀԻՄՆԱԴՐՈՒՄ  

Հայկական աստղագիտական ընկերություն հիմնադրելու միտքը ծագել է դեռևս վաղ 1980-ականներին, երբ արդեն հայտնի էր, որ մի շարք հայ աստղագետներ աշխատում էին Հայաստանից դուրս, և նրանց միջև կապ պահելու և նրանց հետ համագործակցելու կարիքը ակնհայտ էր։ Այս մտահղացման նախաձեռնողներից էին Վահե Պետրոսյանը և Երվանդ Թերզյանը։ Այնուամենայնիվ իրական ընկերությունը չստեղծվեց։ Ավելի ուշ, 1990-ականներին, Արեգ Միքայելյանը Բյուրականում սկսեց հավաքել տեղեկատվություն ամբողջ աշխարհի բոլոր հայ աստղագետների վերաբերյալ՝ ընկերության հիմնադրումը պատրաստելու համար։ Մի քանի տարի անց, շատ մարդկանց հետ քննարկելուց հետո, այդ թվում՝ ՄԱՄ ներկայացուցիչների, տեղի ունեցավ գիտաժողով այս նախաձեռնությունը քննարկելու համար։ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հիմնադրման որոշումը կայացվեց 1999թ․ հունիսի 22-ին Բյուրականում, 16 աստղագետների մասնակցությամբ գիտաժողովի ժամանակ։ Ընտրվեց նախաձեռնող խումբ, պատրաստելու համար առաջարկներ ՀԱԸ-ի գործունեության վերաբերյալ, կազմելու նրա կանոնադրությունը, անդամակցության ձևը, և այլն։ Խմբի անդամներն էին Արեգ Միքայելյանը, Հայկ Հարությունյանը, Ելենա Նիկողոսյանը, Սուսաննա Հակոբյանը և Տիգրան Մաղաքյանը։ Երվանդ Թերզյանը ակտիվ մասնակցություն է ունեցել այս գործընթացում՝ ընկերության հիմնական սկզբունքները քննարկվել են Արեգ Միքայելյանի, 1999թ․ սեպտեմբերին Կոռնելլի համալսարան այցի ժամանակ։ Այնուամենայնիվ ընկերության գրանցումը տեղի ունեցավ 2 տարի անց։ Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարությունը 2001թ․ օգոստոսի 29-ին հաստատեց կանոնադրությունը և գրանցեց ՀԱԸ-ն որպես հասարակական կազմակերպություն (գրանցման փաստաթուղթ՝ 03A 051334)։

2001թ․ սեպտեմբերի 13-ին, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) խորհրդի նիստի ժամանակ, ՀԱԸ-ն պաշտոնապես ճանաչվեց ԵԱԸ-ի կողմից, դառնալով այդ ժամանակվա նրա 21 անդամներից մեկը։ Այսպիսով, մենք նաև ունենք միջազգային ճանաչում։ Ներկայումս (15.01.2009) ընկերությունում մենք ունենք 66 անդամ։ Մենք նախատեսում ենք, որ անդամների թիվը կաճի մինչև 100։

ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ  

Հայկական աստղագիտական ընկերության հիմնական նպատակներն են` ըստ կանոնադրության.

·  աստղագիտության խթանում,

·  Հայաստանի բոլոր աստղագիտական հաստատությունների միջև համագործակցության խթանում,

·  հայ և աշխարհի այլ աստղագետների միջև կապերի և համագործակցության խթանում,

·  Հայաստանում աստղագիտական կրթության և գիտելիքի զարգացում։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ  

ՀԱԸ-ի հիմնական գործունեությունն է՝

Անդամակցության ընդլայնում, որպեսզի ՀԱԸ-ը դառնա իսկապես համահայկական կազմակերպություն։ Ցանկացած ազգության աստղագետներ կարող են մուտք գործել ՀԱԸ: Կա նաև պատվավոր անդամների կարգավիճակ, մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն գիտության և հայ աստղագիտության մեջ,

ՀԱԸ-ի մի քանի մասնաճյուղերի հիմնում (բացի բուն հայկական մասնաճյուղից), մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և ԱՊՀ-ում (նախկին Խորհրդային Միություն), որտեղ ապրում և աշխատում են հայ աստղագետների մեծ մասը (յուրաքանչյուրում 10-20),

Էլեկտրոնային տեղեկագրի հրատարակում (1 թողարկում ամեն 3 ամսում) սկսած 2002թ.-ից: Նրանք տեղեկատվություն են տալիս տարբեր հայ գիտնականների, հենց Հայաստանի մասին, ինչպես նաև հրատարակում են գիտական ամփոփագրեր և կարճ աշխատություններ,

«Հայ աստղագիտության բառարան» գրքի կամ DVD-ի հրատարակում,

Հայաստանում ամենամյա ժողովների կազմակերպում հնարավորինս շատ հայ աստղագետների մասնակցությամբ։ Գիտական ծրագիրը բաց է բոլոր թեմաների համար,

Համագործակցություն այլ հայկական և միջազգային կազմակերպությունների հետ (ՄԱՄ, ԵԱԸ, ԵԱԱԸ, Հայկական ֆիզիկական ընկերություն, Համահայկական գիտական ընկերություն, հայ գիտնականների և ճարտարագետների ընկերություն և այլն),

ԵԱԸ-ի երիտասարդ աստղագետների ամենամյա մրցանակաբաշխություն և նշանավոր աստղագետների համար ամենամյա մրցանակների սահմանում՝ մեկը տեսական աստղաֆիզիկայի (Համբարձումյանի մրցանակ), մյուսը դիտողական աստղաֆիզիկայի (Մարգարյանի մրցանակ) ոլորտում աշխատանքի համար։