Ամփոփվեցին Միջազգային աստղագիտական տարվա ընթացքում անցկացված միջոցառումների արդյունքները

 

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱ ակադեմիայում այսօր ամփոփվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Միջազգային աստղագիտական տարվա (ՄԱՏ) շրջանակներում Հայաստանում, նաեւ աշխարհում անցկացված միջոցառումների արդյունքները: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով, աստղագիտությունը մարդկությանը հետաքրքրող ամենահին գիտություններից մեկն է, այդ պատճառով ունի մեծ ավանդ գիտության այլ ճյուղերի եւ մարդկության զարգացման գործում: §Մեր երկրում աստղագիտությունը համարվում է գիտության գերակա ճյուղերից, այդ իսկ պատճառով կարեւորում ենք աստղագիտության ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր միջոցառում եւ փորձում ենք մեր նպաստն ունենալ դրանց կայացման գործում¦,- ասաց Ռ. Մարտիրոսյանը: Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը ներկայացրեց տարվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառումները` հատկանշական համարելով աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը` սեպտեմբերի 18-ը, Հայաստանում Աստղագիտության օր հայտարարելը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանված Վ. Համբարձումյանի միջազգային մրցանակը եւ Երեւանում մեծ աստղաֆիզիկոսի հուշարձանի բացումը: 2009 միջազգային աստղագիտական տարվա շրջանակներում անցկացվել է նաեւ Բյուրականի երկրորդ ամառային դպրոցը ԵՊՀ ուսանողների համար, §Աստղագիտությունը եւ հասարակությունը¦ թեմայով Հայկական աստղագիտական ընկերության տարեկան համաժողով, Հայ-ֆրանսիական աստղագիտական խորհրդակցություն, ինչպես նաեւ §Համակարգչային գիտություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ¦ գիտաժողովի նստաշրջան: Աստղադիտարանում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ եւ ընդունելություններ լրագրողների, զբոսաշրջական գործակալությունների ղեկավարների, Հայաստանում այլ երկրների դեսպանների, ճարտարապետների ու նկարիչների հետ: Հ. Հարությունյանը այս գործում հատկապես կարեւորեց §Արմենպրես¦ լրատվական գործակալության դերը, որը պարբերաբար անդրադարձ է կատարել Բյուրականի աստղադիտարանի իրականացրած ծրագրերին, ձեռքբերումներին եւ խնդիրներին: Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Քրիստինե Մեհրաբեկյանը նշեց, որ կազմակերպությունը, 2009-ը հայտարարելով Աստղագիտության տարի, նպատակ ուներ հասարակության ուշադրությունը հրավիրել աստղագիտության գլոբալ զարգացումների վրա: Այն նաեւ միտված էր խրախուսելու կանանց դերը աստղագիտության եւ գիտության մեջ: §Հայաստանում աստղագիտության շրջանակներում անցկացված միջոցառումները վկայում են մեր երկրում այս ոլորտի կարեւորության մասին: Հուսով ենք` կատարված աշխատանքները կտան իրենց արդյունքները եւ կնպաստեն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությանը¦,- ասաց Ք. Մեհրաբեկյանը: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ միությունը պարբերաբար աջակցում է գիտական մի քանի ուղղությունների զարգացմանը, որոնցից առաջնային տեղ է զբաղեցնում աստղագիտությունը: §Դա գալիս է ոչ միայն մեր երբեմնի հոգեւոր կապից Բյուրականի աստղադիտարանի հետ, այլեւ այն գիտակցումից, որ Հայաստանն այս բնագավռում ունի մեծ ներուժ ու կարող է հայկական ինքնությունը ծածանել ամբողջ աշխարհում¦, - ասաց Ա. Ղազարյանը` հավելելով, որ միությունը շարունակելու է ներդրումներ կատարել գիտության տարբեր ճյուղերում: Հայաստանում ՄԱՏ միջոցառումները համակարգող Արեգ Միքայելյանը կարեւոր համարեց §Աստղագիտության 100 ժամ¦, §Գալիլեասկոպ¦, §Տիեզերական օրագիր¦, §Պատուհան դեպի տիեզերք¦, §Աստղագիտությունը եւ համաշխարհային ժառանգությունը¦ նախագծերը: Ըստ նրա` §Աստղագիտության 100 ժամ¦ ծրագրի շրջանակներում մասնավորապես տեղի է ունեցել աստղագիտության պատմության մեջ խոշորագույն` §Աշխարհի շուրջ 80 աստղադիտակներով¦ միջոցառումը, որի ընթացքում պրոֆեսիոնալ աստղագետները, մեկը մյուսին հերթափոխելով, 24 ժամ անընդմեջ ուղիղ հաղորդումներ են անցկացրել` հանրամատչելի ձեւով պատմելով իրենց եւ աստղադիտակների աշխատանքի մասին: Ա. Միքայելյանի խոսքով, 2009թ-ը հարուստ էր նաեւ պրոֆեսիոնալ աստղագիտության իրադարձություններով: Մասնավորապես` տիեզերք են արձակվել §Կեպլեր¦, §Հերշել¦, §Պլանկ¦ եւ §WISE¦ ուղեծրային աստղադիտակները: Սկսել է գործել Կանարյան կղզիներում տեղադրված աշխարհի խոշորագույն` 10.4 մ հայելու տրամագծով աստղադիտակը: Միջոցառման ընթացքում մի քանի անվանակարգերում հանձնվեցին վկայագրեր, վաստակագրեր եւ պատվոգրեր: Աստղագիտությանը աջակցության համար վկայագեր շնորհվեցին §ՎիվաՍել-ՄՏՍ¦, §Ապավեն¦, §Անտարես¦, §Էդիտ Պրինտ¦, §Արայ¦ ընկերություններին: Աստղագիտության լուսաբանման համար պարգեւատրվեցին §Արմենպրես¦ լրատվական գործակալությունը եւ §Առավոտ¦ օրաթերթը: Պատվոգրերի արժանացան նաեւ միջազգային աստղագիտական օլիմպիադայի հաղթող դպրոցականներ Հայկ Հակոբյանը եւ Հայկ Տեփանյանը: ՀՀ ԳԱԱ վաստակագիր հանձնվեց Արթուր Նիկողոսյանին, Արմեն Գյուլբուդաղյանին, Նորայր Մելիքյանին, Արտաշես Պետրոսյանին, Տիգրան Մաղաքյանին եւ Հայկ Հարությունյանին: Լյուդվիգ Միրզոյանի անվ. մրցանակ շնորհվեց Էլմա Պարսամյանին: ԳԱԱ պատվոգիր տրվեց Տիգրան Մովսիսյանին, Աշոտ Հակոբյանին, Կամո Գիգոյանին, Ելենա Նիկողոսյանին, Սմբատ Բալայանին եւ Արեգ Միքայելյանին: Փարիզ Փիշմիշի անվ. մրցանակի արժանացավ Լուսինե Սարգսյանը: Նշենք, որ միջազգային աստղագիտական տարվա հանդիսավոր փակումը տեղի կունենա 2010թ. հունվարի 9-10-ին` Իտալիայի Պադուա քաղաքում անցկացվելիք գիտաժողովի ընթացքում: