Հուլիսի 18-ին հայտնի կդառնա Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցույթի հաղթողի անունը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 2009 թ-ին սահմանվել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ, որն առաջին անգամ կհանձնվի այս տարի: Մրցանակը տրվում է երկու տարին մեկ անգամ: Արմենպրես-ի խնդրանքով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ մրցույթի ընթացիկ աշխատանքներին:

 

-Պրն Մարտիրոսյան, Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցույթի անցկացման աշխատանքներն ի՞նչ փուլում են:

 

-Անցյալ տարի Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, նրա հիշատակը հավերժացնող տոնակատարությունների շարքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ եւ նախաձեռնությամբ հիմնվեց Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ: Ինչպես աշխարհում գոյություն ունեցող տարբեր միջազգային մրցանակները, այնպես էլ սա ունի մի քանի կարեւոր գործոն` կազմակերպվածության բարձր մակարդակ, գիտական բովանդակություն, ինչպես նաեւ մրցանակի խոշոր չափ` 500 հազար ԱՄՆ դոլար: Միջոցները կտրամադրվեն ոչ պետական բյուջեից:

 

-Ովքե՞ր են ընդգրկված մրցույթի միջազգային հանձնաժողովում:

 

-Մրցույթի բարձր մակարդակը պահպանելու համար ստեղծված է շատ հեղինակավոր հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են աստղաֆիզիկայի ասպարեզի հանրահայտ գիտնականներ` Միջազգային աստղագիտական ընկերության նախորդ եւ ներկայիս նախագահները, Անգլիական թագավորական ընկերության նախագահը, գիտնականներ Գերմանիայից, Իտալիայից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Բոլորիս նպատակը մեկն է` մրցանակը շնորհել արժանի մասնակցի: Հատկապես առաջին մրցանակը պետք է շնորհվի լավագույնին, դրանից էլ հետագայում կորոշվի մրցույթի հեղինակությունը:

 

-Ե՞րբ հայտնի կդառնա հաղթողի անունը:

 

-Հաղթողի անունը հայտնի կդառնա հուլիսի 18-ին, իսկ պաշտոնապես մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` մեծ հանդիսությամբ, Վ. Համբարձումյանի ծննդյան օրը: Միջոցառումը լուսաբանելու համար նախատեսում ենք հրավիրել միջազգային հանրահայտ հեռուստաընկերություների եւ այլ զանգվածային լրատվական միջոցների:

 

-Ներկայումս որքա՞ն հայտեր են ստացվել:

 

-Ի սկզբանե մենք մտավախություն ունեինք, որ հայտ ներկայացնողները քիչ կլինեն: Այսօր այդ մտավախությունները ի դերեւ են ելել: Շատ հեղինակավոր գիտնականներ են հայտ ներկայացրել մրցանակ ստանալու համար: Նրանց թիվը գերազանցում է 10-ը. թեկնածուների շարքում կա նաեւ Նոբելյան մրցանակակիր: Հայտերը ստացվել են աշխարհի տարբեր երկրներից:

 

-Ովքե՞ր իրավունք ունեն առաջադրվել մրցանակի համար, եւ ինչպե՞ս է ընթանում աշխատանքների գնահատումն ու ընտրությունը:

 

-Հայտ ներկայացնելու հնարավորություն ունեն այն մարդիկ, ովքեր ունեն ակնառու արդյունքներ, կարեւոր ներդրում աստղագիտության/աստղաֆիզիկայի բնագավառում կամ մաթեմատիկայի ու ֆիզիկայի այն ոլորտներում, որոնք կապված են Վ. Համբարձումյանի հետազոտությունների հետ: Թեկնածությունները պետք է առաջադրվեն Գիտության ազգային ակադեմիաների, համալսարանների, հետազոտական ինստիտուտների կողմից: Նաեւ հայտ ներկայացնելու իրավունք ունեն Նոբելյան մրցանակակիրները: Հայտի հետ ներկայացվում են նաեւ երեք երաշխավորագրեր: Դրանից հետո հանձնաժողովը ստացված աշխատանքները ուղարկում է փորձաքննության եւ ստանում համապատասխան կարծիք երկու տարբեր գիտնականներից: Եթե նրանց կարծիքները դրական են, ապա դրանք դրվում են հանձնաժողովի նիստի քննարկմանը:

 

-Ըստ Ձեզ` ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը այլ խոշոր մրցանակների շարքում:

 

-Ամենակարեւորներից մեկը կլինի: Ընդհանրապես ընդունված է, որ գիտության ասպարեզում ամենաբարձր մրցանակը Նոբելյանն է: Ըստ իս` Վ. Համբարձումյանի անվան մրցանակը նույնպես մի քանի տարի անց կդասվի դրա շարքում: Խոսքերիս վառ վկայությունն են ներկայում ստացված բազմաթիվ հայտերը: Դա նշանակում է, որ այն ունի մեծ հեղինակություն: Մրցույթը նաեւ առիթ է` աշխարհին ներկայացնելու մեր երկիրը, գիտությունն ու հայ գիտնականների ձեռքբերումները:

 

- Որքանո՞վ այս մրցանակը կնպաստի Հայաստանում աստղագիտության զարգացմանը:

 

- Մրցույթը ուղղակիորեն կնպաստի դրան. այն հնարավորություն է տալիս աշխարհի առաջավոր գիտական շրջաններում ներկայացնել մեզ` որպես աստղագիտության ասպարեզի աշխատողներ: Աստղագիտությունն ունի տարբեր ուղղություններ եւ բաժիններ, որոնցով զբաղվողներ այսօր մենք գրեթե չունենք: Օրինակ` արեգակի ֆիզիկայով, տիեզերաբանությամբ մենք գրեթե չենք զբաղվել: Այսօր այս մրցույթի շրջանակներում մեզ առաջարկվում է մի ծրագիր` կապված աստղագիտության նոր բնագավառի հետ: Այն իրենից ենթադրում է արտաարեգակնային համակարգում այլ մոլորակների հայտնաբերում: Առաջարկված ծրագիրը կաջակցի նյութապես` սարքավորումների տեսքով, եւ կադրային հարցերով` երիտասարդ մասնագետներ կվերապատրասվեն այդ ծրագրի համար: