Մամուլի հաղորդագրություն, 13.06.2012թ.

 

Սեպտեմբերին Բյուրականում տեղի կունենա

երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց

 

 

Սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, որը բյուրականյան ամառային դպրոցների շարքում արդեն 4-րդն է: Այս անգամ դպրոցն անցկացվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Դպրոցը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության /ՀԱԸ/ կողմից: Դասախոսների թվում հրավիրված են այնպիսի նշանավոր աստղագետներ, ինչպիսիք են Միջազգային աստղագիտական միության նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), հնդիկ նշանավոր տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը և Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) և այլոք, ինչպես նաև ԲԱ աստղագետներ: Դպրոցին կմասնակցեն Հայաստանի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների մոտ 30 ուսանողներ: Դասախոսվող և քննարկվող թեմաներն են լինելու ցամաքային և տիեզերական աստղադիտակները և դիտողական տեխնիկան, համակարգիչները և տվյալների մշակման համակարգերը աստղագիտության մեջ, աստղագիտական կատալոգները, շրջահայությունները, տվյալների շտեմարանները և Վիրտուալ աստղադիտարանները, զանազան եղանակներով մոլորակների, աստղերի, միջամածությունների և գալակտիկաների ուսումնասիրությունները, պատմա-աստղագիտությունը և աստղագիտական ժառանգությունը: Դասախոսություններից բացի մասնակիցների համար կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, դիտումներ և դրանց արդյունքների մշակում, ծանոթություն ԲԱ աշխատանքներին և շրջագայություններ Հայաստանում: Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու Վիկտոր Համաբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման սեպտեմբերի 18-ին կայանալիք արարողությանը և «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով սեպտեմբերի 25-28-ին կայանալիք միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:

 

Հիշեցնենք, որ բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքը սկսվել է 2006թ. և անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նախորդ դպրոցներին (2006, 2008, 2010 թթ.) մասնակցել են 21 երկրների 100-ից ավելի ուսանողներ: Դասախոսների թվում են եղել այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են Դանիել Վիդմանը և Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), Դանիել Կունտը, Միշել Դենեֆելդը և Գարի Մամոնը (Ֆրանսիա), Դիտեր Էնգելսը և Լուտց Վիսոցկին (Գերմանիա), Մասիմո Տուրատոն (Իտալիա) , Ժան-Պիեր դե Գրեվը (Բելգիա) և այլոք, թվով ընդամենը՝ 26 արտասահմանյան աստղագետներ:

 

Հայկական աստղագիտական ընկերություն