Մամուլի հաղորդագրություն,
20.06.2012թ.
Լրանում է
աստղագետ
Արեգ Միքայելյանի
50-ամյակը
Հունիսի 22-ին լրանում է աստղագետ Արեգ Միքայելյանի 50-ամյա հոբելյանը: Ծնվել է 1962թ. Երևանում: 1984-ին աստղաֆիզիկոսի մասնագիտացմամբ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 1986-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ): 1994-ին` պաշտպանելով թեզը, արժանացել է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի գիտ. աստիճանի: 1994-2001-ին եղել է ԲԱ գիտ. քարտուղարը, 2005-ից գիտ. խմբի ղեկավար է, 2007-ից` առաջատար գիտաշխատող: 2000-ից Իս. Նյուտոնի անվ. միջազգային ինստիտուտի հայկ. մասնաճյուղի հիմնադիր տնօրենն է, 2001-ից` Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հիմնադիր նախագահը (2002-ից` համանախագահ): 2001-ից դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնում: 2002-ից Բյուրականյան առաջին շրջահայության թվայնացման ծրագրի ղեկավարն է, 2005-ից` Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) հիմնադիր ղեկավարը, 2006-ից՝ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցների ծրագրի հիմնադիր ղեկավարը, 2009-ից՝ Վիկտոր Համբարձումյանի մրցանակի միջազգային հանձնաժողովի գիտ. քարտուղարը: 1997-2012 թթ. համագործակցությամբ աշխատակցել է Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտում, Վերին Պրովանսի, Լիոնի (Ֆրանսիա) և Համբուրգի (Գերմանիա) աստղադիտարաններում, Հռոմի (Իտալիա) և Կոռնելի (ԱՄՆ) համալսարաններում: Բազմաթիվ հրավիրված սեմինարներ է ունեցել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Հնդկաստանում և այլուր: Գիտական հետաքրքրությունները վերաբերում են ակտիվ գալակտիկաների որոնումներին և ուսումնասիրությանը, աստղագիտական լայնածավալ շրջահայություններին, ենթակարմիր և ռենտգենյան աղբյուրներին, սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխական աստղերին, վիրտուալ աստղագիտությանը: Բացահայտել է 1100-ից ավելի կապույտ աստղային օբյեկտներ, որոնց թվում հայտնաբերել է նոր քվազարներ, Սեյֆերտի տիպի գալակտիկաներ, սպիտակ թզուկներ, ջերմ ենթաթզուկներ և պայթյունային փոփոխականներ: Գնահատել է պայծառ քվազարների մակերևութային խտությունը: Օպտիկական նույնացումների միջոցով բացահայտել է 300 ենթակարմիր աստղ և 1200 ենթակարմիր գալակտիկա, որոնց մեջ հայտնաբերել է բազմաթիվ նոր բարձր լուսատվության ենթակարմիր և ակտիվ գալակտիկաներ: Նույնացրել է մոտ 6000 ռենտգենյան աղբյուր, որոնց թվում հայտնաբերվել են նոր ակտիվ գալակտիկական միջուկներ, փոխազդող գալակտիկաներ, սպիտակ թզուկներ, պայթյունային փոփոխականներ և ածխածնային աստղեր: Հայտնաբերել է Տիեզերքի ամենահզոր ենթակարմիր գալակտիկաները, որոնց ենթակարմիր և օպտիկական հոսքերի հարաբերությունը հասնում է 1000-ի: Սպիտցերի տիեզերական աստղադիտարանի կողմից գրանցած աղբյուրների մեջ հայտնաբերել է 21 աստղ, որոնց շուրջ մոլորակային համակարգեր կան: Առաջարկել է աստղերի սեփական շարժումների և փոփոխականության որոշման նոր մեթոդներներ, որոնց կիրառման արդյունքում հայտնաբերել է մեծ սեփական շարժումներ և փոփոխականություն ունեցող բազմաթիվ աստղեր: 2002-2005-ին իրականացրել է Հայաստանում առաջին թվայնացման նախագիծը` Բյուրականյան առաջին սպեկտրալ շրջահայության թվայնացումը: 2005-ին ստեղծել է ՀՎԱ, որը դառել է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի անդամ: Հեղինակ է ավելի քան 120 գիտական հոդվածների և էլեկտրոնային կատալոգների, ինչպես նաև բազմաթիվ գիտա-հանրամատչելի նյութերի: Խմբագրել է մի շարք ժողովածուներ և գրքեր: «Վիկտոր
Համբարձումյան» և «Աստղագիտություն
ուսանողների
համար» DVD խտասկավառակների
և «Հայ
աստղագետներ»համացանցային տվյալների շտեմարանի հեղինակն է: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Եվրոպական, Եվրասիական, Ամերիկյան, Խաղաղօվկիանոսյան, Հայկական աստղագիտական ընկերությունների, Եվրոպական և Հայկական ֆիզիկոսների ընկերությունների և մի շարք այլ գիտական կազմակերպությունների անդամ է, միջազգային գիտական ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ, ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրի խմբագիր: Հրավիրված և այլ զեկուցումներով մասնակցել է 65 միջազգային գիտաժողովների, եղել է նրանցից շատերի գիտական կազմկոմիտեների նախագահ կամ անդամ: Արժանացել է Ամերիկյան աստղագիտական, Հայկական ֆիզիկոսների և Եվրասիական աստղագիտական ընկերությունների և Էլեկտրոնային գիտության մրցանակների, ՄԱՄ, ՅՈՒՆԵՍԿՕ, ՀԱԸ, ՀՀ ԳԱԱ և ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրերի, եվրոպական և ամերիկյան գիտական հիմնադրամների դրամաշնորհների: Եվրասիական աստղագիտական ընկերության վարչության և միջազգային բյուրոյի, Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի գործադիր կոմիտեի, Եվրոպական հարավ-արևելյան ենթատարածաշրջանային կոմիտեի, ՄԱՄ մի քանի հանձնաժողովների անդամ է: 2009-ին եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Աստղագիտության միջազգային տարվա» հայաստանյան համակարգողը: 2010-ին հիմնադրել է գիտական լրագրության խումբ, որի շնորհիվ կտրուկ աճել է գիտության լուսաբանումը Հայաստանում:
Հայկական աստղագիտական ընկերություն