Մամուլի հաղորդագրություն, 02.12.2012թ.

 

Գալակտիկաների լավագույն մասնագետները

2013 թվին կհավաքվեն Հայաստանում

 


Ինչպես հաղորդվել է, 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում տեղի կունենա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, International Astronomical Union IAU) Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ թեմայով պաշտոնական գիտաժողովը` նվիրված հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 1-ին արդեն տարածվել է գիտաժողովի առաջին ազդագիրը, որի արդյունքում ապագա մասնակիցները գրանցվելու և ներկայացնելու են իրենց աշխատանքերը` գիտաժողովի կազմկոմիտեի կողմից քննարկվելու և ընդունվելու համար: Սպասվում է շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր ծայրերից: Գիտական կազմկոմիտեում ընդգրկված են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Ավստրալիայի, Արգենտինայի և Հայաստանի 18 աստղագետներ: Հրավիրված զեկուցողներից 38-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:

ՄԱՄ գիտաժողովներն աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են, որոնցում քննարկվում են կարևորագույն աստղագիտական խնդիրները և որոնց որպես կանոն մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետները: Մասնավորապես, Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովին քննարկվելու են ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) բազմալիքային (գամմա, ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր և ռադիո) շրջահայությունները` կատարված ցամաքային և տիեզերական դիտակներով, ԱԳՄ կառուցվածքը և տեսական մոդելները, առանձին ԱԳՄ և դրանց փոփոխականության հարցերը, ակտիվության երևույթը, ԱԳՄ պարունակող գալակտիկաների, դրանց շրջապատի, գալակտիկաների համակարգերում (բազմակի գալակտիկաներ, խմբեր և կույտեր) դիտվող ԱԳՄ-ների փոխազդեցությունները և ապագայի ծավալուն նախագծերը:

 

Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989 և 1998 թթ. (ինչպես նաև ՄԱՄ-ի մեկ կոլոքվիում 2001թ., որը գիտաժողովներից տարբերվում է մասնակիցների փոքր ինչ պակաս քանակով), և 2013-ին անցկացվելիք գիտաժողովը կլինի 5-րդը: Համեմատության համար նշենք, որ նախկին Խորհրդային Միության տարածքում կազմակերպվել է ընդամենը 16 ՄԱՄ գիտաժողով, որից Ռուսաստանում` 8, Հայաստանում` 4, Ուկրաինայում` 3 և Էստոնիայում` 1:

 

Հայկական աստղագիտական ընկերություն