Մամուլի հաղորդագրություն, 02.12.2012թ.

 

Այս գիշեր Յուպիտերը դիտելու ամենահարմար պահն է

 


Այս գիշեր` դեկտեմբերի 2-3-ին, Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակ Յուպիտերը կլինի այսպես կոչված դիմակայության մեջ` այս տարվա ընթացքում Երկրից ամենափոքր հեռավորության վրա` 4.0688 աստղագիտական միավոր կամ 608.684 մլն կմ (1 ա. մ. մոտ 150 միլիոն կմ է): Երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի և Յուպիտերի միջև, և Յուպիտերի (ինչպես նաև այլ մոլորակների) նման դիրքը կոչվում է դիմակայություն: Հսկա մոլորակի տրամագիծը երկնքում` չափված աղեղնային վայրկյաններով, հասնելու է իր առավելագույն արժեքին` 48.5² (1² հավասար է 1-ի 1/3600 մասին): Գազային հսկա մոլորակը գիշերային երկնքում երևալու է մեծ և պայծառ` -2.8 աստղային մեծությամբ (երկնքի ամենապայծառ աստղ Սիրիուսից մոտ 4 անգամ ավելի պայծառ): Դիմակայության մեջ Յուպիտերը տեսանելի կլինի Ցլի համաստեղությունում, ամենապայծառ` Ալդեբարան աստղից քիչ բարձր և Բազումք աստղակույտից մի փոքր ձախ: Այն կծագի արևելքում` արևամուտից անմիջապես հետո և տեսանելի կլինի ամբողջ գիշեր: Ճիշտ է, Յուպիտերը համեմատաբար ցածր կլինի, սակայն իր պայծառության շնորհիվ կերևա բավական հստակ: Սա ամենալավ ժամանակն է Յուպիտերն ու իր արբանյակները դիտելու և նկարահանելու համար. նույնիսկ ամենափոքր աստղադիտակով հնարավոր կլինի դիտել Յուպիտերի Գալիլեյան կոչվող 4 ամենամեծ արբանյակները (Իո, Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո): Դրանք կունենան համապատասխանաբար 4.9, 5.2, 4.5 և 5.6 աստղային մեծություն պայծառություններ, այնպես որ պարզ եղանակին կարող են երևալ նույնիսկ անզեն աչքով: Շատ լավ կերևա նաև Մեծ կարմիր բիծը, ինչը Յուպիտերի վրա ամենահայտնի փոթորիկն է:

Հիշեցնենք, որ դիմակայություն տեղի է ունենում միայն արտաքին մոլորակների դեպքում (Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն), իսկ Մերկուրիի և Վեներայի համար բացառվում է: Դիմակայությունը տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները և նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի և մոլորակի միջև: Օրինակ Յուպիտերի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 33.5 օր ուշացումով, ինչը նշանակում է, որ հաջորդ դիմակայությունը կդիտվի արդեն 2014 թվականի հունվարին:

 

Հայկական աստղագիտական ընկերություն