Մամուլի հաղորդագրություն,
09.12.2012թ.
Սկսվել
է հյուսիսային
երկնքի ամենաառատ
ասուպային հոսքը
Այս օրերին
դիտվում
է տարվա ամենաառատ
ասուպային
հոսքերից
վերջինը` Գեմինիդների
հոսքը: Այն սովորաբար
դիտվում
է դեկտեմբերի
6-18-ին, իսկ իր առավելագույն
փուլում կլինի դեկտեմբերի
13-14-ի գիշերը` ժամում
50-80 ասուպ: Գեմինիդների
ասուպային
հոսքը հյուսիսային
երկնքի ամենաառատ
հոսքն է. առավելագույն
փուլում երբեմն հնարավոր
է դիտել ավելի քան
100 ասուպ մեկ ժամում,
իսկ գիշերվա
ամենահարմար
ժամին` 2-ի
և 3-ի միջև, ասուպների
ինտենսիվությունը
կհասնի
120-160-ի, ինչպես
եղել է վերջին տարիներին:
Գեմինիդների ասուպային հոսքն առաջին
անգամ դիտել են
ուղիղ 150 տարի առաջ,
1862-ին: Նրա
կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ
(Gemini) համաստեղության ուղղությամբ, Կաստոր աստղի մոտ,
Օրիոնի համաստեղությունից
ոչ հեռու:
Ասուպների արագությունները
մոտ 35 կմ/վ
են և նրանք
սովորաբար
այրվում են Երկրի
մակերևույթից
մոտ 38 կմ
բարձրության
վրա: Հետաքրքիր է, որ Գեմինիդների
ասուպները
ոչ թե
գիսավորի,
այլ Փաեթոն
3200 աստղակերպի
թողած երկնաքարերն
են: Այս
պատճառով
դրանք ավելի կարծր
են և հետևաբար
ասուպներն
ավելի պայծառ են գիշերային
երկնքում:
Բարեբախտաբար,
այս անգամ
ասուպային
հոսքի առավելագույն
փուլը տեղի կունենա
հենց Նորալուսնի
ժամանակ, ինչի շնորհիվ
տեսանելիությունն
ավելի լավը կլինի:
Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:
Հայկական
աստղագիտական
ընկերություն