Մամուլի հաղորդագրություն, 10.12.2012թ.

 

Լրանում է ամերիկահայ աստղագետ Գաբրիել Կոջոյանի 85-ամյակը

 

Description: D:\ACTIVE\IYA-2009\Publishing\Calendars\Armenian astronomers\Kojoian Gabriel\Kojoian1.jpg

 

Դեկտեմբերի 11-ին լրանում է 20-րդ դարի սփյուռքահայ ականավոր աստղագետներից և ամերիկյան հայտնի ռադիոաստղագետներից մեկի` պրոֆ. Գաբրիել Կոջոյանի 85-ամյակը: Նա լուրջ ներդրում ունի ինչպես աստղաֆիզիկայի, այնպես էլ աստղագիտական սարքաշինության մեջ: Կոջոյանը ծնվել է 1927թ. դեկտեմբերի 11-ին Փրովիդենսում (Ռոդ-Այլենդ, ԱՄՆ): Նա Հարի և Նազլեյ (Պետիկյան) Կոջոյանների որդին էր: Ավարտել է Բրաունի համալսարանը (1952)` ստանալով բակալավրի կոչում էլեկտրական ճարտարագիտության բնագավառում: Այնուհետև` 1957-ին, ավարտել է Ռոդ-Այլենդի համալսարանը` ստանալով մագիստրոսի կոչում միջուկային ֆիզիկայի բանագավառում: 22 տարի ապրելով Վիսկոնսին նահանգում, այնուհետև տեղափոխվել է Կալիֆոռնիա: Ստացել է գիտությունների դոկտորի կոչում ֆիզիկայի բնագավառում (1966, Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի): Աշխատել է Թրեյսերլաբում (1966-1967), ՆԱՍԱ-ի Էյմս (1967-1968), Մասաչուսեթսի համալսարանում (1969-1971), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT, 1972-1973), և Իրանի Շիրազի Պահլավի համալսարանում (1975-76): 1976-ին և 1978-ին որպես այցելու պրոֆեսոր աշխատել է նաև Բյուրականի աստղադիտարանում, ակադ. Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, ուսումնասիրելով Մարգարյանի գալակտիկաները: 1978-ից աշխատել է Վիսկոնսինի Օ Կլերի համալսարանում, եղել է ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր: Նա սիրված դասախոսներից էր` հատկապես հայտնի իր էնտուզիազմի և դասավանդվող առարկայի նկատմամբ հաճախ ոչ ավանդական մոտեցման համար:

Կոջոյանի գիտական հետաքրքրությունները վերաբերում էին արտագալակտիկական և գալակտիկական ռադիոաստղագիտությանը, որը նրա հետազոտությունների առաջնային բնագավառն էր: Հետազոտությունների մյուս բնագավառներն էին տարրական մասնիկների ֆիզիկան,  արեգակնային ֆիզիկան և ոչ գծային օպտիկան: Կյանքի վերջին տարիներին աշխատել է նաև քվանտային կետերի հարցի շուրջը` Արիզոնայի համալսարանի Օպտիկական գիտություների կենտրոնում:

Օ Կլերում նախաձեռնել, նախագծել և իր խմբի հետ համատեղ կառուցել է մեծ ճշտության կոորդինատների չափման սարք: Մասնավորապես, այդ սարքով չափվեցին հարյուրավոր գալակտիկաների ճշգրիտ դիրքերը, որոնք այնուհետև դիտվեցին Գրին Բենքում և Արեսիբոյում: Այդ աշխատանքները տպագրվեցին ամերիկյան հեղինակավոր Astrophysical Journal հանդեսում: Ղեկավարել է նաև մի շարք այլ սարքերի իրականացման նախագծեր: Նրա կարևորագույն աշխատանքներից էին Մարգարյանի գալակտիկաների կոորդինատների չափումները, որն իրականացվեց Բյուրականի աստղագետների հետ համատեղ: Իսկ իր մահվանից առաջ նախաձեռնեց նաև Բյուրականյան Երկրորդ շրջահայության օբյեկտների կոորդինատների չափումների ծրագիրը: Կոջոյանի գիտական աշխատանքները միշտ առաջ էին բերում լայնածավալ ծրագրեր, որտեղ կարող էին ընդգրկվել և հաջողություններ ունենալ նաև նրա աշակերտները: Նա հաճախ իր սեփական հնարավորություններով օգնում էր իր ուսանողներին: Կոջոյանի աշակերտները ներկայումս ամերիկյան բազմաթիվ համալասարաններում և գիտահետազոտական ինստիտուտներում հայտնի պրոֆեսորներ և գիտաշխատողներ են: Նա հայտնի էր նաև որպես չափազանց ազնիվ, մարդկային, ընկերասեր և հումորով անձնավորություն:

Իր աշխատանքների շնորհիվ Կոջոյանը ճանապարհորդել է աշխարհի բազմաթիվ վայրեր. Կանադայից մինչև Պերու և Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք, տպագրել է բազմաթիվ գիտական աշխատանքներ: Նա Ամերիկյան աստղագիտական ընկերության, ինչպես նաև Փրովիդենսում և Բոստոնում Հայ օգնության միության և Հայկական երիտասարդական միության անդամ էր: Մահացել է 70 տարեկանում` 1998թ. մայիսի 17-ին:

 

Հայկական աստղագիտական ընկերություն