Մամուլի հաղորդագրություն,
10.12.2012թ.
Դեկտեմբերի 12-ին լրանում
է հայ նշանավոր
ռադիոֆիզիկոս
ակադ. Էմիլ Հայկի Միրզաբեկյանի 90-ամյակը: Ծնվել է 1922թ. Երևանում: Մասնակցել
է Հայրենական
մեծ պատերազմին:
1950-ին ավարտել է Երևանի համալսարանը: 1951-ից աշխատել
է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի
ինստիտուտում,
ընդունվել է Մոսկվայի
Պ.Ն. Լեբեդևի
անվ. ֆիզիկայի
ինստիտուտի
ասպիրանտուրան
և նշանավոր
ռադիոաստղագետ
Ս.Է. Խայկինի
ղեկավարությամբ
պաշտպանել
է թեկնածուական
թեզ: 1955-60-ին աշխատել
է Բյուրականի աստղադիտարանում: 1960-ից եղել է աստղադիտարանի
ռադիոաստղագիտության
բաժնի հիման վրա
իր իսկ
կազմակերպած
ՀԽՍՀ ԳԱ նորաստեղծ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենը:
1971-ին ընտրվել
է ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ,
1974-ին` ակադեմիկոս, 1974-76-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկատեխնիկական գիտությունների
և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, իսկ 1976-ից` ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ: Դասավանդել է ԵՊՀ-ում, որտեղ
իր նախաձեռնությամբ
բացվեց ռադիոֆիզիկայի
ֆակուլտետը:
Գիտական աշխատանքները նվիրված են գերբարձր հաճախականությունների (ԳԲՀ) տիրույթի գերզգայուն
ռադիոընդունիչ համակարգերի ուսումնասիրությանը: Նա Հայաստանում ԳԲՀ ռադիոֆիզիկայի հիմնադիրն է: Ստեղծել է էլեկտրամագնիսական ճառագայթման հետազոտման սարքերի նոր դաս, առաջինն է ուսումնասիրել Արեգակի ռադիոճառագայթման բևեռացումը: Նրա ուսումնասիրությունները գործնական
լայն կիրառություն են գտել տնտեսության տարբեր բնագավառներում: Իր աշխատակիցների
հետ ստեղծած գերզգայուն
ընդունիչ համակարգերը կիրառվում են տիեզերական հետազոտություններում:
Միրզաբեկյանը 1961-ին ընտրվել է Միջազգային աստղագիտական միության անդամ: Նա ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ էր (1974), ՀԽՍՀ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով: Ծանր հիվանդությունից հետո վախճանվել է 58 տարեկանում, 1980թ. սեպտեմբերի 16-ին Մոսկվայում:
Հայկական աստղագիտական
ընկերություն