Մամուլի հաղորդագրություն, 19.12.2012թ.

 

Արեգակի և Լուսնի 2001-2050 թթ. խավարումների տեղեկատու էջը

 

Adobe ImageReady 

 

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է 2001-2050 թթ. Արեգակի և Լուսնի խավարումների լիակատար ցանկը: Ժամանակաշրջանն ընտրված է այնպես, որ մատչելի լինեն ինչպես մոտիկ անցյալում տեղի ունեցած խավարումները, որոնք դեռևս թարմ են մեր հիշողության մեջ, այնպես էլ առաջիկա տասնամյակներում սպասվող խավարումները, որոնք կտեսնեն ներկայիս սերունդները: Ցուցակներում բերված է ընդամենն Արեգակի 110 և Լուսնի 114 խավարում: Արեգակի խավարումներից 35-ը մասնակի են, 32-ը`լրիվ, 37-ը` օղակաձև, և 6-ը` հիբրիդ: Վերջինները հազվագյուտ տեսակի խավարումներ են, երբ դիտվում է և լրիվ և օղակաձև խավարում: Մասնավորապես, 2013թ. նոյեմբերի 3-ին տեղի կունենա այդպիսի խավարում: Թեև տարեկան միջինում Արեգակի 2-3 խավարումներ են լինում, այնուամենայնիվ նրանք կարճ են տևում (լրիվ խավարումները` 2-7 րոպե) և տվյալ աշխարհագրական վայրում շատ հազվագյուտ երևույթ են: Օրինակ, ցուցակում բերված բոլոր խավարումներից Հայաստանում (այն էլ` միայն մասնակի փուլերում) կդիտվեն միայն 11-ը, որոնց մեջ առաջիկա խավարումները սպասվում են 2019, 2020 և 2022 թթ.: Լուսնի խավարումների ցանկում կա 45 լրիվ, 27 մասնակի և 42 կիսաստվերային խավարում: Ի տարբերություն Արեգակնային խավարումների, Լուսնի խավարումները շատ ավելի երկար են տևում (լրիվ խավարումները` 3-4 ժամ) և երևում են Երկրի բավական մեծ տարածքից, այնպես որ դրանց մեծ մասը տեսանելի կլինի նաև Հայաստանից: 

Կայք-էջի հասցեն է http://www.aras.am/Calendar/calendar.htm:

 

Հայկական աստղագիտական ընկերություն