Մամուլի հաղորդագրություն,
25.01.2013թ.
Լրացավ IRAS ենթակարմիր
աստղադիտարանի
արձակման
30 տարին
Հունվարի 25-ին լրանում
է ամերիկյան
IRAS (Infra-Red Astronomical Satellite) տիեզերական
ենթակարմիր
աստղադիտարանի
արձակման
30 տարին: Այն Երկրի
ուղեծիր արձակվեց ամերիկյան
օդագնացության
և տիեզերական
գործակալության
(NASA) կողմից 1983թ.
հունվարի
25-ին և աշխատեց
մինչև նույն տարվա
նոյեմբերի
21-ը` գրանցելով
8-120 միկրոն ալիքի երկարությունների
վրա ճառագայթող
տիեզերական
աղբյուրներն
ամբողջ երկնքից (տիեզերական
աստղադիտարանների
առավելություններից
է, որ նրանք
չեն սահմանափակվում
ցամաքային
դիտակների
աշխարհագրական
դիրքից երևացող երկնքի հատվածով): Այս նախագծին
մասնակցեցին
նաև Նիդերլանդներն
ու Մեծ
Բրիտանիան:
Աստղադիտարանը
հագեցված
էր 57սմ տրամագծով
դիտակով
և ուներ ավելի քան
1 տոննա զանգված: Իր զգայնությամբ,
ճշգրտությամբ
և բացահայտած
աղբյուրների
քանակով (շուրջ 4-5 անգամ
ավելի, քան մինչ
այդ հայտնի
էր) դա
հեղաշրջում
էր աստղագիտության
մեջ: Համեմատության
համար, նման խորության
դիտումներ
ռենտգենյան
և գերմանուշակագույն
տիրույթներում
իրականացվեցին
միայն 1990-ական
և 2000-ական թթ.:
Թեև վերջերս
արձակվեցին
ավելի կատարյալ IR
արբանյակներ
(Spitzer, AKARI, WISE, Herschel), այնուամենայնիվ
IRAS-ը տվեց առաջին ամբողջական
պատկերացումները
ենթակարմիր
Տիեզերքի
մասին: Ներկայումս
այն թերևս ամենահին
տիեզերական
աստղադիտարանն
է, որի արդյունքները
դեռևս օգտագործվում
են, քանի
որ երկարալիք
ենթակարմիր
տիրույթում
(40-120 մկմ) դեռևս
չկա համարժեք
փոխարինում:
IRAS-ը գրանցեց
ավելի քան 400 հազար
աղբյուր, որոնց համար
չափվեցին
ենթակարմիր
հոսքերը 12, 25, 60 և 100 միկրոն
պատուհաններում,
ինչպես նաև գրանցվեցին
ցածր դիսպերսային
5400
սպեկտրներ 8-22 միկրոն տիրույթում:
Այս ամենը
ցուցակագրված
է IRAS կետային աղբյուրների
PSC, FSC և SSSC, տարածված
աղբյուրների
SSC և մի քանի
այլ կատալոգներում,
որոնք ներկայումս
էլ ինտենսիվորեն
օգտագործվում
են աստղագիտական
հանրության
կողմից: Հայտնաբերված
մարմինների
թվում են բազմաթիվ
սառը աստղեր,
փոշային թաղանթներով
աստղեր, փոփոխականներ,
մոլորակային
միգամածություններ,
ենթակարմիր
գալակտիկաներ,
որոնցից շատերն օպտիկական
տիրույթում
չեն երևում,
կրկնակի
և բազմակի
փոխազդող
գալակտիկաներ,
որոնց մոտ հայտաբերվեց
հզոր ենթակարմիր
ճառագայթում:
IRAS-ի կարևոր
հայտնագործություններից
են նաև
փոշեհատիկներից
բաղկացած
առաջին աստղաշուրջ
սկավառակի
բացահայտումը
(Վեգա աստղի
շուրջը), նոր գիսավորները,
ինչպես նաև առաջին
անգամ Մեր Գալակտիկայի
միջուկի նկարահանումը,
ինչը հնարավոր
չէր տեսանելի
լույսում:
Բյուրականի աստղադիտարանը
նույնպես
անմասն չի մնացել
ենթակարմիր
հետազոտություններից. մասնավորապես
ենթակարմիր
աղբյուրների
նույնացումների
շնորհիվ Բյուրականում
են բացահայտվել
1200 Բյուրական-IRAS
գալակտիկաները
(Byurakan-IRAS Galaxies – BIG) և 300 Բյուրական-IRAS
աստղերը (Byurakan-IRAS
Stars – BIS), ուսումնասիրվել
է տիեզերական
փոշին, այլ մարմինների
ենթակարմիր
ճառագայթումը:
BIG օբյեկտների
սպեկտրային
դիտումների
միջոցով հայտնաբերվել
են բազմաթիվ
ակտիվ գալակտիկական
միջուկներ
և աստղառաջացման
բռնկումով
գալակտիկաներ,
իսկ BIS օբյեկտների
թվում` ածխածնային
աստղեր և երկարպարբերական
փոփոխականներ:
Ամերիկյան
աստղագետների
հետ համատեղ
Բյուրականի
գիտնականներն
IRAS աղբյուրների
թվում հայտնաբերել
են Տիեզերքի
ամենահզոր
ենթակարմիր
ճառագայթում
ունեցող գալակտիկաները,
որոնք հետո դիտվել
են ավելի
ժամանակակից
Spitzer տիեզերական
աստղադիտակով:
IRAS և այլ ենթակարմիր,
ինչպես նաև գամմա,
ռենտգենյան,
գերմանուշակագույն
և ռադիո դիտումների
շնորհիվ բազմալիքային
աստղագիտության
սկիզբը դրվեց, ինչը
ներկայումս
աստղագիտական
հետազոտությունների
առանցքն
է:
Հայկական աստղագիտական
ընկերություն