Մամուլի հաղորդագրություն, 26.01.2013թ.

 

Հայաստանը մասնակցեց Շվեյցարիայում կայացած Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությանը

 

 

Շվեյցարիայում տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, European Astronomical Society – EAS) խորհրդակցությունը, որին մասնակցեցին ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները և եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նման խորհրդակցություններ տեղի էին ունեցել նաև 2008-ին Հոլանդիայում և 2012-ին նույնպես Շվեյցարիայում, և այս հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին տարվա արդյունքները, քննարկել հետագա անելիքները, շարունակել ազգային ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև ամրապնդել եվրոպական աստղագիտության առաջատար դերը:

Մասնակիցների թվում էին ճանաչված աստղագետներ` ԵԱԸ նախագահ Թիերի Կուրվուազիեն (Շվեյցարիա, ով ներկայումս նաև Շվեյցարիայի Արվեստների և գիտությունների ակադեմիայի պրեզիդենտն է), փոխնախագահներ Ռոջեր Դեյվիսը (Մեծ Բրիտանիա) և Մերի Կոնտիզասը (Հունաստան), քարտուղար Սերենա Վիտին (Իտալիա), ԵԱԸ Խորհրդի այլ անդամներ, Եվրասիական աստղագիտական ընկերության համանախագահ Վլադիմիր Օբրիդկոն (Ռուսաստան), Եվրոպական ԱՍՏՐՈՆԵՏ նախագիծը ներկայացնող Յոհանես Անդերսենը (Դանիա) և այլոք` ընդամենը 15 երկրի 26 գիտնական:

Հայաստանից խորհրդակցությանը մասնակցեց և զեկուցումով հանդես եկավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը. նրա զեկուցումը նվիրված էր ՀԱԸ գործունեությանը 2012 թվին և ԵԱԸ-ՀԱԸ համագործակցության հնարավոր տարբերակներին: Տարբեր երկրներում աստղագիտության ներկայիս վիճակի վերաբերյալ զեկուցումներ ներկայացրեցին նաև Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի աստղագիտական ընկերությունների նախագահները և հյուսիսային եվրոպական երկրների ներկայացուցիչը:

Ներկայումս ԵԱԸ կազմում պաշտոնապես ընդգրկված են 25 երկրների աստղագիտական ընկերություններ (ներառյալ Հայկականը), իսկ անհատ անդամների թվում են աստղագետներ Եվրոպայի բոլոր և մի շարք այլ երկրներից: ՀԱԸ ԵԱԸ-ին անդամագրվել է 2001-ին, ներկայումս նրա կազմում ունի 18 աստղագետ, 2007-ին Երևանում կազմակերպել է ԵԱԸ տարեկան համաժողովը, որն երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր գիտական միջոցառումն էր թե իր կարևորությամբ և թե մասնակիցների քանակով:

Եվրոպան ԱՄՆ-ի հետ մեկտեղ աշխարհի երկու խոշորագույն աստղագիտական կենտրոններից մեկն է: Գործելով համատեղ, եվրոպական երկրները կարողանում են բազմաթիվ ուղղություններով առաջատար դեր պահպանել: Մասնավորապես, Եվրոպային են պատկանում Չիլիում գործող 8-մետրանոց հայելիով 4 միանման աստղադիտակները (Եվրոպական հարավային աստղադիտարան, ԵՀԱ), որոնց արդյունարար հզորությունը համապատասխանում է 16-մետրանոց տրամագծով աստղադիտակի: Ներկայումս Եվրոպան կառուցում է 39-մետրանոց աստղադիտակ և այս տարի պատրաստվում է արձակել Gaia տիեզերական աստղադիտարանը, որոնց շնորհիվ աստղագիտության մեջ հեղափոխական հայտնագործություններ են սպասվում: Բացի ԵԱԸ և ԵՀԱ, եվրոպական համագործակցության վառ օրինակներ են նաև 14 երկրներ միավորող Եվրոպական տիեզերական գործակալությունը, Եվրոպական վիրտուալ աստղադիտարանը (Euro-VO), ASTRONET և OPTICON նախագծերը և Astronomy & Astrophysics համաեվրոպական ամսագիրը:

 

Հայկական աստղագիտական ընկերություն