Մամուլի հաղորդագրություն, 13.05.2013թ.

 

Լրացավ հայազգի աստղագետ Թադևոս Աղեկյանի 100-ամյա հոբելյանը

 

 

Մայիսի 12-ին լրացավ խորհրդահայ վաստակաշատ աստղագետ Թադևոս Աղեկյանի 100-ամյա հոբելյանը: Նրա բեղուն գործունեության արդյունքն են ինչպես բազմաթիվ կարևոր գիտական աշխատանքներ, այնպես էլ մի շարք անվանի գիտնականներ և աստղագիտության դասական մենագրություններ:

Թադևոս Արտեմի Աղեկյանը ծնվել է 1913թ. մայիսի 12-ին Բաթումում: 1938-ին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի (ԼՊՀ) մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը: 1938-41-ին դասավանդել է միջակարգ դպրոցում և զուգահեռաբար սովորել է ԼՊՀ հեռակա ասպիրանտուրայում: 1941-45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին` զենիթային հրետանու գնդի շտաբի պետի պաշտոնում (կապիտանի կոչումով): Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Հայրենական Մեծ Պատերազմի 2-րդ կարգի շքանշանով և մեդալներով: Զորացրումից հետո վերադարձել է ԼՊՀ և 1946-ից դասավանդել է աստղային դինամիկա, աստղային կինեմատիկա և աստղային վիճակագրություն: 1947-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1958-ին դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր: 1961-ին արժանացել է պրոֆեսորի կոչման:

Գիտական հետազոտությունները վերաբերում են գալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղային վիճակագրության և երկնային մեխանիկայի խնդիրներին: Հիմնական գիտական արդյունքները ստացել է աստղային համակարգերի անկանոն դաշտի տեսության, ռադիոդիտումների տվյալների հիման վրա աստղային համակարգերի դինամիկայի, պտտա-համաչափ պոտենցիալի դաշտում շարժման տեսության ոլորտներում:

Գիտական հետազոտությունների հետ համատեղ Աղեկյանը մեծ ուշադրություն էր դարձնում մանկավարժական աշխատանքին և գիտության մասսայականացմանը: Նա աստղագիտության մեջ հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության կիրառության հարցերին նվիրված դասագրքերի (Սխալների տեսության հիմունքները աստղագետների և ֆիզիկոսների համար, Հավանականությունների տեսությունը աստղագետների և ֆիզիկոսների համար), Աստղաֆիզիկայի և աստղային աստղագիտության դասընթացի (1951թ.) մի շարք գլուխների և Աստղեր, գալակտիկաներ, Մետագալակտիկա մենագրության (երեք հրատարակություն, վերջինը` 1981թ.) հեղինակ է: Վերջինս նաև թարգմանվել և հրատարակվել է անգլերեն, իտալերեն և ռումիներեն լեզուներով: Աղեկյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական թեզ, իսկ նրա աշակերտներից չորսը պաշտպանել են նաև դոկտորական թեզ: Աղեկյանի բոլոր ուսանողներն ու ասպիրանտները հատուկ նշում են նրա մանկավարժական տաղանդը և դասավանդման արտասովոր եռանդը:

Աղեկյանը վախճանվել է 2006թ. հունվարի 15-ին Լենինգրադում: Աստղագիտության զարգացման մեջ մեծ ներդրման համար Աղեկյանի անունով է կոչվել Արեգակնային համակարգի թիվ 3862 փոքր մոլորակը:

 

Հայկական աստղագիտական ընկերություն