Մամուլի հաղորդագրություն, 29.06.2013թ.

 

Լույս տեսավ «Անանիա Շիրակացի» գիրքը

 

 

Անանիա Շիրակացու անվ. ճեմարան գիտակրթական համալիրը հրատարակել է Լիլիթ Նազարյանի «Անանիա Շիրակացի» գիրքը (Երևան, 242 էջ): Այն նվիրված է Շիրակացու 1400-ամյակին և նախկինում հրատարակված գրքի լրամշակված երկրորդ հրատարակությունն է: Գրքում տրված են Շիրակացու ապրած ժամանակաշրջանի համառոտ բնութագիրը, նրա կյանքը և գործունեությունը, Շիրակացին որպես ականավոր մաթեմատիկոս, նրա տիեզերագիտությունը, վաստակը տոմարագիտության ասպարեզում, Շիրակացին որպես աշխարհագրագետ եվ օդերևութաբան, պատմագիտական աշխատությունները, վաստակը գիտության այլ բնագավառներում` չափագիտական աշխատությունները, երկրաբանական և կենսաբանական նյութը նրա աշխատություններում, Շիրակացին որպես երաժշտագետ, նրա բնափիլիսոփայական հայացքները և կրոնական և քաղաքական հայացքները: Վերջում բերված են ռուսերեն, անգլերեն և իսպաներեն ամփոփագրեր, օգտագործված գրականության ցանկ եվ սկզբնաղբյուրներ:

Անանիա Շիրակացին հայ միջնադարի խոշորագույն գիտնականն է. փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, ճշգրիտ գիտությունների և բնագիտության ուղղության հիմնադիրը Հայաստանում: Ունենալով իր ժամանակի համար առաջադեմ աստղագիտական հայացքներ և թողնելով հարուստ աստղագիտական ժառանգություն, նա իրավամբ համարվում է աստղագիտության հիմնադիրը Հայաստանում:

Հիշեցնենք, որ Անանիա Շիրակացու 1400-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012թ. ներառել էր նշանավոր մարդկանց տարեդարձների ցանկում, իսկ ՀՀ Կառավարությունը հոբելյանական միջոցառումներ էր նախատեսել 2012-2013 թթ. ընթացքում:

 

Հայկական աստղագիտական ընկերություն