Մամուլի հաղորդագրություն, 08.07.2013թ.

 

Ֆինլանդիայում բացվեց Եվրոպական աստղագիտական համագումարը

 

 

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում իր աշխատանքները սկսեց Եվրոպական աստղագիտական համագումարը, որը պաշտոնապես կոչվում է Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ (European Week of Astronomy and Space Science EWASS): Այն եվրոպական աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունն է և անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որևէ մեկում: Համագումարին ներկա է 51 երկրի շուրջ 650 աստղագետ, ներառյալ ճանաչված գիտնականներ, եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարներ և մեծ թվով երիտասարդ աստղագետներ: Եվրոպական համագումարի շրջանակներում անցկացվում է 12 գիտաժողով, 14 հատուկ նստաշրջան և 9 հատուկ խորհրդակցություն, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ` 7 պլենար զեկուցում, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Գլխավոր ասամբլենան (տարեկան հաշվետվությունը և ղեկավար մարմինների ընտրությունները), Եվրոպական հետազոտական խորհրդի (European Research Council ERC) նստաշրջանը, Եվրոպական աստղագիտության ASTRONET տասնամյակային ռազմավարական ծրագրի խորհրդակցությունը, այլ վարչական նիստեր, եվրոպական աստղագիտական մրցանակների հանձնումը և այլն: Գիտաժողովները և հատուկ նստաշրջանները նվիրված են աստղագիտության ամենատարբեր հարցերին` Արեգակից, մոլորակներից, աստղերից, միգամածություններից և գալակտիկաներից մինչև բազմալիքային աստղագիտություն, տիեզերական մագնիսական դաշտեր և տիեզերական աստղադիտակներով ստացված գիտական արդյունքները: Կքննարկվեն նաև աստղագիտական կրթության և սիրողական աստղագիտության հարցերը Եվրոպայում:

ԵԱԸ հիմնադրվել է 1990 թ., իր կազմում ունի 24 ազգային աստղագիտական ընկերություն (այդ թվում և Հայկական աստղագիտական ընկերությունը) և շուրջ 1100 անհատ անդամ, իր գործունեությամբ կոորդինացնում է եվրոպական աստղագիտությունը, տարեկան անցկացնում է համագումարներ, ունի տարեկան մրցանակներ ճանաչված և երիտասարդ աստղագետների համար: Հիշեցնենք, որ 2007 թ. ԵԱԸ համագումարն անցկացվել է Հայաստանում, որը մեր երկրում երբևէ անցկացված ամենախոշոր գիտական իրադարձությունն էր:

 

Հայկական աստղագիտական ընկերություն