Մամուլի հաղորդագրություն,
30.10.2013թ.
Կեպլեր- երկրանման մոլորակի հայտնաբերմանը մասնակցել է երիտասարդ հայ աստղագետը
Կեպլեր-78b
արտարեգակնային
մոլորակ (էկզամոլորակ) է, որը
պտտվում
է Կարապի համաստեղությունում գտնվող
արեգակնանման աստղի ուղեծրում, Երկրից շուրջ 400 լուսատարի հեռավորության վրա: Մինչ այժմ աստղագետները որոշել են
ավելի քան 1000 էկզամոլորակների բնութագրերը, սակայն
Կեպլեր-78b առանձնահատուկ է: Համաձայն հեղինակավոր
«Nature» ամսագրում այսօր հրապարակված ուսումնասիրության, այն ունի Երկրին շատ նման զանգված և խտություն: Աշխատանքի հեղինակները` Ժնևի համալսարանի պրոֆեսոր
Ֆրանչեսկո Պեպեի ղեկավարությամբ
Շվեյցարիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տարբեր գիտական
հաստատությունները ներկայացնող աստղագետների միջազգային խմբի անդամներ,
ցույց են
տվել, որ Կեպլեր-78b
բաղկացած
է քարից
և երկաթից` հենց
մեր Երկրի նման: Այսպիսով,
Կեպլեր-78b ճշգրիտ հայտնի զանգվածով ու շառավղով առայժմ
ամենափոքր էկզամոլորակն
է:
Կեպլեր-78b
սկզբում գրանցվել է ՆԱՍԱ-ի «Կեպլեր»
արբանյակի կողմից: «Կեպլերը»
հայտնաբերել է առջևով անցնող մոլորակի հետևանքով մայր աստղի պայծառության չնչին փոփոխություն: Այդ
հայտնաբերումից որոշ
ժամանակ անց Լա Պալմայում (Կանարյան կղզիներ) գտնվող 3.58մ հայելու
տրամագծով իտալական Գալիլեյի անվան ազգային դիտակն (TNG) ուղղեցին այդ աստղին. TNG-ի վրա
տեղադրված աշխարհի ամենաճշգրիտ սպեկրոգրաֆներից մեկի`
HARPS-N-ի, գիտական խումբը որոշել էր իր դիտումները կենտրոնացնել
Կեպլեր-78b վրա: Չափազանց
ինտենսիվ դիտողական ծրագիրը
գարնան և ամռան ամիսներին տվեց իր պտուղները: Օգտագործելով HARPS-N-ի եզակի բնութագրերը
և ճշգրտությունը, հետազոտական
խումբը չափեց էկզամոլորակի
պտույտի հետևանքով առաջացած մայր աստղի աննշան տատանումները: Ցույց տրվեց, որ մոլորակն ունի երկրանման զանգված և խտություն:
Երիտասարդ հայ աստղագետ Ավետ Հարությունյանն աշխատում է TNG-ում և այս ուսումնասիրության համահեղինակներից մեկն է: «Ակնհայտ էր, որ մենք պետք է բացահայտեինք փոքր մոլորակով պայմանավորված
չափազանց թույլ տատանում: TNG-ի HARPS-N-ը հյուսիսային կիսագնդի ամենաճշգրիտ սպեկտրոգրաֆն է, ուստի ուրիշ ինչ սարք կարող
էր լուծել
այս խնդիրը, եթե ոչ մերը», - բացատրում է Հարությունյանը:
Այնուհետև ավելացնում է, - «Ներկայումս
սրանք ամենաճշգրիտ արդյունքներն են, որ կարելի էր ձեռք բերել, և մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են մեր սարքավորումներն իրենց արդարացնում այս խրթին դիտումների ընթացքում»:
Կեպլեր-78b
ունի ընդամենը 1.17 երկրային
շառավիղ, մինչդեռ
զանգվածը հավասար
է 1.86 երկրային զանգվածի: Ստացվում
է, որ նրա
խտությունն
է 5.57 գրամ խորանարդ սանտիմետրում, և ենթադրվում է, որ այն
բաղկացած է քարից և երկաթից, այսպիսով
Կեպլեր-78b դարձնելով մինչ օրս հայտնի
Երկրին առավել նման էկզամոլորակը:
Սակայն, Կեպլեր-78b
ունի շատ կարճ` ընդամենը 8.5 ժամ, ուղեծրային պարբերություն, և հետևաբար, այն ուղեծրում է իր մայր աստղից մոտ հեռավորության վրա: Նշանակում է, մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը պետք է լինի 3000-5000 աստիճանի սահմաններում, ակնհայտորեն
բացառելով կյանքի որևէ հնարավորություն, ինչպես մենք դա
կպատկերացնեինք:
Կեպլեր-78b-ին վիճակված է կործանվել,
քանի որ մակընթացային
ուժերը շարունակաբար նրան դեպի իր աստղը կմղեն: Ի վերջո, նա այնքան կմոտենա,
որ աստղի ձգողության դաշտը
կմասնատի մոլորակը: Ինչպես
կանխատեսում
են տեսաբանները,
սա
կարող է տեղի
ունենալ երեք միլիարդ տարվա ընթացքում: «Հետաքրքիր է, որ
մեր Արեգակնային համակարգը կարող էր
Կեպլեր-78b-ի նման մոլորակ ունենալ: Եթե այդպես
եղած լիներ,
ապա մոլորակը ոչնչացված կլիներ համակարգի էվոլյուցիայի վաղ փուլերում, չթողնելով ոչ մի նշան», - ասում է Ավետ Հարությունյանը:
Նույնիսկ առանց կյանք ունենալու
հնարավորության,
Կեպլեր-78b-ի` երկրանման
չափերի, խտության և քիմիական
բաղադրության մոլորակի բացահայտումը և բնութագրերի որոշումը, մի մեծ քայլ է արտերկրային կյանքի մեր
որոնումներում: HARPS-N-ը դեռևս
էլ ավելի ապշեցուցիչ
արդյունքներ կտա` մեզ հնարավորություն տալով էլ
ավելի լիարժեք պատկերացում կազմել էկզամոլորակների առաջացման
և էվոլյուցիայի
մասին, և հնարավոր
է մի օր էլ գտնենք երկրանման հատկանիշներով բնակեցված մոլորակ:
Հայկական աստղագիտական
ընկերություն