ԳՐԻԳՈՐ
ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
Փետրվարի
22-ին կյանքի 92-րդ
տարում վախճանվեց
հայ անվանի
աստղագետ Գրիգոր
Գուրզադյանը,
որի համարձակ
մտահղացումներն
ու հետաքրքիր
գիտական
արդյունքները
միշտ
հիացմունքի
են արժանացել
գիտնականների
կողմից: Նա
հայտնի է
որպես
տիեզերական
աստղագիտության
հիմնադիրներից
մեկը: Լայն և
բազմածավալ է
Գուրզադյանի
ստեղծագործությունը.
աստղագիտությունից
բացի նա
հայտնի է
որպես տաղանդավոր
նկարիչ,
ինչպես նաև
բազմաթիվ
գրական ստեղծագործությունների
հեղինակ:
Գրիգոր
Արամի Գուրզադյանը
ծնվել է 1922թ.
հոկտեմբերի
15-ին
Բաղդադում (Իրաք),
1915-ին Արևմտյան
Հայաստանից
տեղահանված ծնողների
ընտանիքում:
1944-ին ավարտել է
Երևանի պոլիտեխնիկական
(ճարտարագիտական)
համալսարանի
(ԵրՊԻ)
հիդրոտեխնիկական
և
շինարարական
ֆակուլտետները:
Նույն տարին
ընդունվել է
ասպիրանտուրա
ակադ. Վ.Հ.
Համբարձումյանի
ղեկավարությամբ
և 1948-ին, 26 տարեկանում
Մոսկվայի
պետական
համալսարանում
պաշտպանել է
թեկնածուական
թեզը «Միջաստղային
գազային
նյութի
ճառագայթային
հավասարակշռությունը» թեմայով:
Գուրզադյանն
ըստ էության
Բյուրականի
աստղադիտարանի
(ԲԱ)
հիմնադրող
թիմի կազմում
և գլխավոր
անձանցից
մեկն էր:
Արդեն 1955-ին (33 տարեկանում)
պաշտպանել է
դոկտորական
թեզը: 1950-66-ին
ղեկավարել է
ԲԱ աստղերի և
միգամածությունների
ֆիզիկայի
բաժինը, 1967-1973-ին`
տիեզերական
հետազոտությունների
մասնաճյուղը,
1973-1978-ին
ղեկավարել է
Գառնիի
աստղագիտության
լաբորատորիան,
1978-1992-ին եղել է ԲԱ
արտամթնոլորտային
աստղագիտության
լաբորատորիայի
վարիչ, 1992-2004-ին`
Գառնիի
տիեզերական
աստղագիտության
ինստիտուտի
տնօրեն: 1979-ից
եղել է նաև
ԵրՊԻ
տիեզերական
սարքաշինության
ամբիոնի
վարիչ:
Տասնամյակներ
շարունակ դասավանդել
է մի շարք
դասընթացներ
(տեսական աստղաֆիզիկա
ԵՊՀ-ում և
ճշգրիտ
մեխանիկա
ԵրՊԻ-ում), 1962-ին
արժանացել է
պրոֆեսորի
կոչման, 1965-ին ընտրվել
է ՀՍՍՀ ԳԱ
թղթակից-անդամ,
1986-ին` ՀՍՍՀ ԳԱ
իսկական
անդամ:
Գուրզադյանի
աշխատանքները
վերաբերում
են միջաստղային
տարածության
ճառագայթային
հավասարակշռության
խնդիրներին,
աստղասփյուռների
ձևաբանական և
կինեմատիկական
ուսումնասիրությանը,
դիֆուզային և
մոլորակաձև միգամածություններին,
տիեզերական
սարքաշինությանը:
Մշակել է
երկթաղանթ
միգամածությունների
առաջացման
տեսությունը,
ուսումնասիրել
է մոլորակաձև
միգամածությունների
ձևերի
առաջացման
գործում
մագնիսական
դաշտի
նշանակությունը,
մշակել է
աստղերի բռնկման
տեսություն`
հիմնված
նրանցում
տեղի ունեցող
ոչ ջերմային երևույթների
վրա:
Գուրզադյանը
ստեղծել է մի շարք
գիտական
սարքեր ու
օպտիկական
համակարգեր:
Նրա անվան հետ
է կապված «Օրիոն»
տիեզերական
աստղադիտարանի
օպտիկական
համակարգի
աշխատանքի
սկզբունքի,
ավտոմատ կառավարման
մեթոդիկայի
ստեղծումը:
1990-ականներին նա
մշակեց սեղմ կրկնակի
աստղերի
ընդհանուր
գունոլորտներ
(«շուրջքրոմների») և
կրկնակի
գնդաձև
աստղակույտերի
էվոլյուցիայի
տեսությունները:
Գուրզադյանը
տիեզերական
աստղագիտության
հիմնադիրներից
մեկն է: Դեռ
1960-ականներին
կիրառելով Ռ-5
բալիստիկ
հրթիռներ, նա
ղեկավարեց Արեգակի
և աստղերի
գերմանուշակագույն
(ԳՄ) և
ռենտգենյան
դիտումները
(առաջին
թռիչքը
կայացավ 1961թ.
փետրվարի 15-ին
Կապուստին-Յար
բազայից):
ՀՍՍՀ ԳԱ հաղորդումներում
1966-ին տպագրված
նրա «Հզոր
ռենտգենյան
բռնկում
Արեգակի վրա»
աշխատանքը
տիեզերական
աստղագիտության
վերաբերյալ
ամենավաղ
հոդվածներից
է: Այնուհետև
Գուրզադյանն անցավ
տիեզերական
ուղեծրային
աստղադիտարանների
նախագծմանը,
որոնցից
ամենահայտնին
են «Օրիոնները»: 1971-ի
ապրիլին «Սալյուտ-1»
առաջին
տիեզերական
կայանը
ուղեծիր
բարձրացրեց «Օրիոն-1»-ը,
օբյեկտիվ
պրիզմայով
առաջին
տիեզերական աստղադիտակը:
Սակայն
գագաթնակետն
էր «Օրիոն-2»-ը,
որը «Սոյուզ-13»
տիեզերանավի
վրա աշխատեց
1973-ի
դեկտեմբերին:
Ստացվեցին
մինչև 13-րդ
աստղային
մեծության
աստղերի
հազարավոր
սպեկտրներ,
մոլորակաձև
միգամածության
արբանյակային
առաջին ԳՄ
սպեկտրագրությունը`
բացահայտելով
նախկինում
մոլորակաձև
միգամածություններում
չդիտված
ալյումինի և
տիտանի
սպեկտրալ
գծեր, առաջին
անգամ
միգամածությունից
գրանցվեց
երկֆոտոն
ճառագայթում:
Համեմատության
համար կարելի
է նշել, որ
միևնույն
ժամանակ ուղեծրում
գտնվող
ամերիկյան «Սքայլեբ»-ի
ԳՄ
աստղադիտակն ի
վիճակի էր
դիտել միայն
մինչև 7.5-րդ
մեծության
աստղերը:
Ստացված
արդյունքները
տպագրվեցին
կարևորագույն
աստղագիտական
ամսագրերում,
ներառյալ 3
հոդված
հեղինակավոր «Nature»-ում:
Գուրզադյանը
հեղինակ է
մոլորակաձև
միգամածություններին,
միջաստղային
նյութին և բռնկվող
աստղերին
նվիրված
կարևորագույն
տեսական աշխատանքների:
Ընդհանուր
առմամբ նա
տպագրել է
ավելի քան 200
գիտական
հոդված և մի
շարք մենագրություններ.
«Ռադիոաստղաֆիզիկա» (1956,
ռուսերեն), «Մոլորակաձև
միգամածություններ» («Նաուկա», 1962,
ռուսերեն և «Գորդոն
էնդ Բրիչ», 1970,
անգլերեն), «Բռնկվող
աստղեր» («Նաուկա», 1973,
ռուսերեն և «Պերգամոն», 1980,
անգլերեն), «Աստղային
գունոլորտներ» («Նաուկա», 1984,
ռուսերեն), «Մոլորակաձև
միգամածությունների
ֆիզիկա և
դինամիկա» («Նաուկա», 1988,
ռուսերեն և «Շպրինգեր», 1997,
անգլերեն), «Միջմոլորակային
թռիչքների
տեսություն» («Գորդոն
էնդ Բրիչ», 1996,
անգլերեն) և «Տիեզերական
դինամիկա» («Ֆրենսիս
էնդ Թեյլոր», 2002,
անգլերեն):
Գուրզադյանի
ստեղծագործական
ժառանգությանն
են պատկանում
նաև բազմաթիվ
կտավներ և
գրական
ստեղծագործություններ:
Գրիգոր Գուրզադյանը
Միջազգային
աստղագիտական
միության
(ՄԱՄ) անդամ է (1950)
և ՀՍՍՀ
գիտության
վաստակավոր
գործիչ (1975):
Պարգևատրվել
է «Պատվո
նշան»
շքանշանով:
Հայկական
աստղագիտական
ընկերությունը
(ՀԱԸ) Գրիգոր
Գուրզադյանի
մահվան
կապակցությամբ
իր խորին
ցավակցությունն
է հայտնում նրա
հարազատներին
և գիտական
հանրությանը։
Հայկական աստղագիտական
ընկերություն