ՀԱԸ մամուլի հաղորդագրություն 08.04.2014թ.
Դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադան
Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվեց ապրիլի 5-6-ին Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզ.-մաթ. հատուկ դպրոցում (ՖՄԴ): Ընդհանուր առմամբ մասնակցում էր 28 աշակերտ Երևանից, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից, այդ թվում` 2011-2013 թթ. Միջազգային աստղագիտական օլիմպիադաների մրցանակակիրներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն Վասիլյանը, Վարդգես Մամբրեյանը, Հրանտ Թոփչյանը, Սիրանուշ Բաբախանովան և Արա Մամբրեյանը,: Ժյուրիի նախագահն էր Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Աշոտ Հակոբյանը, իսկ մյուս անդամներն էին ԲԱ գիտաշխատողներ Մարիետա Գյուլզադյանը, Արարատ Եղիկյանը և Արեգ Միքայելյանը, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դասախոս Էմիլիա Կարապետյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սերգեյ Ներսիսյանը, 2004թ. Միջազգային օլիմպիադայի հաղթող և ԲԱ ասպիրանտ Տիգրան Նազարյանը և 2001-2003 թթ. միջազգային աստղագիտական օլիմպիադաների եռակի մրցանակակիր Ժիրայր Ավետիսյանը:
Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից, աստղաչափությունից, աստղադինամիկայից և ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց տվեցին ՖՄԴ, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հենակետային վարժարանի և «Քվանտ» վարժարանի սաները: Առաջին կարգի դիպլոմի արժանացան Վասիլյան Արսենը (ՀՊՃՀ), Վարդանյան Էդգարը (ՖՄԴ), Մամբրեյան Վարդգեսը (ՖՄԴ) և Մարտիրոսյան Գևորգը (ՖՄԴ), II կարգի` Թոփչյան Հրանտը (ՖՄԴ), Մաթևոսյան Աշոտը («Քվանտ»), Գրիգորյան Էդուարդը («Քվանտ»), Խալաֆյան Էդվարդը («Քվանտ»), Բաբուջյան Հրաչյան (ՖՄԴ), Հարությունյան Հայկը («Քվանտ»), Մամբրեյան Արան (ՖՄԴ) և Բաբախանովա Սիրանուշը (ՖՄԴ), III կարգի` Ֆյոդորով Էդուարդը (ՖՄԴ), Ասլանյան Դավիթը (ՖՄԴ) և Մկրտումյան Կարենը (ՖՄԴ):Առաջին կարգի դիպլոմներ ստացած մասնակիցներին Ավետիք Գրիգորյանը նվիրեց իր հեղինակած «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի մեկական օրինակ: Բացի այդ, Հայկական աստղագիտական ընկերության կողմից բոլոր մասնակիցներին տրվեցին գրքեր և գրքույկներ Բյուրականի աստղադիտարանի և հայ աստղագետների մասին և աստղագիտական օրացույցներ:
Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի աշնանը կկայանա Ղրղզստանում: Հիշեցնենք, որ հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 8 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 18-ամյա պատմության ընթացքում:
Հայկական աստղագիտական ընկերություն