Մամուլի հաղորդագրություն, 10.04.2014թ.
Ապրիլի 12-ին տեղի կունենա Վեներայի և Նեպտունի միացումը
Ապրիլի 12-ի տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Վեներան և Նեպտունը: Քանի որ Նեպտունը բավականաչափ պայծառ չէ անզեն աչքով երևալու համար, այս երևույթը կարելի է դիտել միայն աստղադիտակներով (հնարավոր է նաև սիրողական աստղադիտակներով): Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը: Մոլորակների միջև անկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:
Իհարկե, իրականում Վեներան և Նեպտունը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Վեներայի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 39 միլիոն կմ կամ 0.26 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Նեպտունը միջինում Երկրից հեռու է 4.5 միլիարդ կմ կամ 30 աստղագիտական միավոր:
Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):
Հայկական աստղագիտական ընկերություն