Մամուլի հաղորդագրություն, 14.05.2014
Բյուրականի աստղադիտարանի
Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի ստեղծումը
Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) միջազգային հեղինակությունը բարձրացնելու և այն ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հաստատություն դարձնելու նպատակով, ինչպես նաև աստղադիտարանը ՀՀ ազգային արժեք ճանաչվելու կապակցությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության կողմից ստեղծվել է ԲԱ միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողով (ԲԱ-ՄԳԽՀ)։ ԲԱ-ՄԳԽՀ հիմնական պարտականություններն են իրականացնել խորհրդատվություն ԲԱ կառավարման, հեռանկարային ծրագրերի, բյուջեի և գիտական ծրագրերի վերաբերյալ: Հանձնաժողովը` պահպանելով ԲԱ կառավարման լիարժեք անկախությունը, գործում է ԲԱ հետ համագործակցության սկզբունքով:
ԲԱ-ՄԳԽՀ բաղկացած է միջազգային ճանաչված աստղագիտական կենտրոններ ներկայացնող ութ ականավոր գիտնականներից:
Հանձնաժողովի նախագահ` Երվանդ Թերզյան (Կոռնելի համալսարան, ԱՄՆ) – ռադիո և ռադարային աստղագիտության ոլորտի ճանաչված մասնագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության /ՀԱԸ/ համանախագահ, Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ) գիտական խորհրդի նախագահ, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային միցանակի հանձնաժողովի անդամ, ՆԱՍԱ-ի Նյու-Յորքի նահանգի տիեզերական ծրագրի ղեկավար, աշխարհի խոշորագույն` մեկ քառակուսի կիլոմետր մակերեսով ռադիոաստղադիտակի նախագծի ԱՄՆ ղեկավար:
Հանձնաժողովի անդամներ`
Ֆելիքս Ահարոնյան (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս-Պլանկ ընկերության միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա) – աստղամասնիկային ֆիզիկայի, տիեզերաբանության, տեսական աստղաֆիզիկայի, բարձր էներգիաների աստղագիտության, մասնավորապես` գամմա-ալիքային աստղագիտության ոլորտի ճանաչված մասնագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Գամմա-ալիքային աստղագիտության խոշորագույն` ՀԵՍՍ նախագծի, ղեկավար, Մաքս-Պլանկ ընկերության միջուկային ֆիզիկայի Հայդելբերգի ինստիտուտի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի գիտական խմբի ղեկավար:
Յուրի Բալեգա (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) – աստղագիտության մեջ տարածական մեծ լուծունակության եղանակների, մասնավորապես` սպեկլ-ինտերֆերաչափության, և այլ աստղագիտական սարքաշինության ոլորտի ճանաչված մասնագետ, Ռուսաստանի Հատուկ աստղադիտարանի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ:
Ժակ Բուլեստեքս (Մարսել-Պրովանսի աստղադիտարան և Մարսելի աստղաֆիզիկական լաբորատորիա, Ֆրանսիա) – աստղագիտական սարքաշինության ոլորտի ճանաչված մասնագետ, 1995-2000թթ. ԲԱ խոշորագույն` 2.6մ աստղադիտակի, արդիականացման աշխատանքներն իրականացնող Մարսելի աստղադիտարանի խմբի ղեկավար: Մասնավորապես իրականացրել է դիտակի ուղղորդման և ուղեկցման, կիզակետային համակարգերի շահագործումը, Ֆաբրի-Պերո ինտերֆերաչափով դիտողական աշխատանքները:
Դանիել Կունտ (Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտ, Ֆրանսիա) – քվազարների, ակտիվ գալակտիկաների, տիեզերաբանության, գալակտիկաների առաջացման ոլորտների ճանաչված մասնագետ, հայտնաբերել է Վոլֆ-Ռայե տեսակի գալակտիկաները, Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտում հետազոտությունների ղեկավար, Հայ-ֆրանսիական աստղագիտական համագործակցության նախաձեռնող և համակարգող 1994-2003թթ.:
Միշել Մայոր (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա) – արտարեգակնային մոլորակների որոնման և ուսումնասիրությունների ոլորտում աշխարհում ամենաճանաչված մասնագետներից մեկը, 1995թ. առաջին արտարեգակնային մոլորակի` Պեգասի 51b, հայտնաբերող, 2005թ. Շոուի աստղագիտական մրցանակի դափնեկիր, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային միցանակի առաջին դափնեկիր /2010/, ներկայումս` նույն միցանակի հանձնաժողովի անդամ:
Մասիմո Տուրատո (Պադուայի աստղադիտարան, Իտալիա) – Գերնոր աստղերի, աստղերի ֆիզիկայի, միջաստղային նյութի և տեղական Տիեզերքի ոլորտների ճանաչված մասնագետ, Իտալիայի Պադուայի աստղադիտարանի տնօրեն, նախատեսվող հայ-իտալական աստղագիտական համագործակցության համակարգող, միջազգային գիտական ծրագրերի ղեկավար:
Ռոբերտ Ուիլյամս (Տիեզերական աստղադիտակի գիտական ինստիտուտ, Բալթիմոր, ԱՄՆ) – Նոր և Գերնոր աստղերի ոլորտի ճանաչված մասնագետ, Միջազգային աստղագիտական միության նախկին (2009-2012) պրեզիդենտ, ԱՄՆ արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամ, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային միցանակի հանձնաժողովի անդամ, Հաբլի տիեզերական աստղադիտակի գերզգայուն դիտումների ծրագրի ղեկավարներից:
ՄԳԽՀ բոլոր անդամները նախկինում արդեն մի քանի անգամ եղել են Հայաստանում և սերտ առնչություն ունեն ԲԱ և հայկական աստղագիտության հետ: Մասնավորապես, Մ. Տուրատոն 1980-ական թթ. սկզբներին ստաժավորում է անցել Բյուրականում, Յու. Բալեգան դեռևս 1978թ. մասնակցել է Բյուրականում կազմակերպված երիտասարդ աստղագետների խորհրդակցությանը, Դ. Կունտը և Ժ. Բուլեստեքսը մեծապես նպաստել են հայ-ֆրանսիական աստղագիտական համագործակցության կայացմանը և հատկապես ծանր 1990-ականներին իրենց ակտիվ գործունեությամբ օգնել են ԲԱ գիտական աշխատանքներին, ՄԳԽՀ բոլոր անդամները բազմիցս մասնակցել են Բյուրականում կազմակերպված միջազգային գիտաժողովների, Ե. Թերզյանը, Դ. Կունտը, Մ. Մայորը, Մ. Տուրատոն և Ռ. Ուիլյամսը դասախոսել են Բյուրականի միջազգային ամառային դպրոցներում: Ե. Թերզյանը, Ֆ. Ահարոնյանը, Դ. Կունտը, Մ. Մայորը և Մ. Տուրատոն հանդիսանում են ՀԱԸ անդամներ:
ՄԳԽՀ առաջին այցելությունը ԲԱ կկայանա այս տարվա հունիսի 24-27-ին։ Այդ ընթացքում ՄԳԽՀ անդամները մանրամասն կծանոթանան ԲԱ գիտական անձնակազմին և ենթակառուցվածքներին, հանդիպումներ կունենան ԲԱ տնօրինության և գիտնականների հետ, կլսեն ԲԱ գիտական խմբերի ղեկավարների զեկուցումները կատարվող աշխատանքների մասին և կունենան խորհրդակցություններ: Այցելությունից անմիջապես հետո ՄԳԽՀ-ի արդյունքները կներկայացվեն ՀՀ ԳԱԱ նախագահին և ԲԱ ղեկավարությանը` հետագա ռազմավարությունը մշակելու և գիտական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հայկական աստղագիտական ընկերություն