Մամուլի հաղորդագրություն, 02.06.2014թ.

 

ՀՐԱՆՏ ԹՈՎՄԱՍՅԱՆ – 85

https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-xpf1/t1.0-9/1510971_10203001519350364_7239283220364683567_n.jpg

 

Հունիսի 3-ին լրանում է Բյուրականի աստղադիտարանի և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկի` պրոֆ. Հրանտ Թովմասյանի 85-ամյակը: Նրա բազմաթիվ գիտական արդյունքները, ինչպես նաև վարչական, մանկավարժական, խմբագրական և կազմակերպական գործունեությունը դժվար է գերագնահատել: Թովմասյանի բեղուն ստեղծագործական կյանքի մեծ մասն անցել է Բյուրականի աստղադիտարանում, իսկ ներկայումս հաջողությամբ շարունակվում է նաև Մեքսիկայում: Նրա անվան հետ է կապված ռադիոաստղագիտության ոլորտում հայ աստղագիտության նվաճումների զգալի մասը, իսկ վերջին տարիներին նա կարևոր գիտական արդյունքներ է ստանում նաև աստղագիտության այլ բնագավառներում:
Հրանտ Մուշեղի Թովմասյանը ծնվել է 1929թ. հունիսի 3-ին Երևանում: 1948թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզ-մաթ ֆակուլտետը, որն աստղաֆիզիկա մասնագիտությամբ ավարտել է 1953թ.: Այդ թվականից նրա կյանքն ու գործունեությունը կապվում են Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հետ: 1953-1956-ին սովորել է ԲԱ կից ասպիրանտուրայում և 1958-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ` «Ինտերֆերոմետրիկ ռադիոդիտակների զգայնության բարձրացումը» թեմայով (Ս.Ե. Խայկինի ղեկավարությամբ): 1968-1972-ին եղել է ԲԱ գիտական քարտուղար, 1969-ին պաշտպանել է դոկտորական թեզ «Գալակտիկաների և գալակտիկաների կույտերի ուսումնասիրություն օպտիկական և ռադիո եղանակներով» թեմայով, 1972-1992` լաբորատորիայի վարիչ, 1979-1986-ին` ԲԱ գիտական գծով փոխտնօրեն, 1986-ից` առաջատար գիտաշխատակից և գիտական թեմատիկ խմբի ղեկավար: 1967-1992-ին դասավանդել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում, 1986-ից` պրոֆեսոր: 1992-ից աշխատում է Մեքսիկայի Աստղաֆիզիկայի, oպտիկայի և էլեկտրոնիկայի ազգային ինստիտուտում (INAOE, Պուեբլա) որպես ամենաբարձր` «C» տիտղոսի հետազոտող: Տարբեր տարիներին աշխատել և հիմնականում ռադիո դիտումներ է իրականացրել նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ԱՄՆ, Գերմանիայի, Իսպանիայի և Հարավային Կորեայի աստղադիտարաններում: Բազմաթիվ թեզերի ղեկավար է թե՛ Հայաստանում և թե՛ Մեքսիկայում:

Թովմասյանի աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը, տիեզերական (արտամթնոլորտային) աստղագիտությանը, OB աստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, բռնկվող աստղերին: Հիմնական գիտական արդյունքներից կարելի է նշել գալակտիկաների կենտրոնական տիրույթների բյուրականյան դասակարգումը և նրանց ռադիոդիտումները, Մարգարյանի գալակտիկաների ռադիոդիտումները և ակտիվության տարբեր դասերի օբյեկտների մոտ ռադիոճառագայթման հզորության բացահայտումը, գալակտիկաների խմբերի և կույտերի, ինչպես նաև աստղակույտերի ռադիոճառագայթման ուսումնասիրությունը, բռնկվող աստղերի մոտ արագ բռնկումների հայտնաբերումը, տիեզերական գերմանուշակագույն դիտակներով OB աստղասփյուռների ուսումնասիրությունը, Բյուրականի երկրորդ շրջահայության օբյեկտների սպեկտրալ ուսումնասիրությունը, կոմպակտ գալակտիկաների և կոմպակտ խմբերի ուսումնասիրությունը և այլն:
Զգալի է նաև Թովմասյանի ներդրումը աստղագիտական գործիքաշինության մեջ. նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ իրականացվեցին «Գլազար» (1987) և «Գլազար-2» (1990) տիեզերական աստղադիտարանները, «Աշոտ» (1988) տիեզերական աստղադիտարանի նախագիծը, «Աստրոն» տիեզերական աստղադիտարանի օֆսեթ ուղեկցող համակարգը (1984) և Երկխողովակ արագ լուսաչափը (1987):
Թովմասյանը 1969-1991-ին եղել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» գլխավոր խմբագիր, 1969-1986-ին` «Աստղաֆիզիկա» հանդեսի, իսկ 1975-1996-ին` «Çåìëÿ è Âñåëåííàÿ» համամիութենական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Նա եղել է ԲԱ գիտական և մասնագիտական խորհուրդների, Համամիութենական աստղագիտական-գեոդեզիական ընկերության (ÂÀÃÎ, 1975-1983) խորհրդի, ԽՍՀՄ ԳԱ և կառավարության տիեզերական աստղագիտության միացյալ խորհրդի (1978-1991), ինչպես նաև մի շարք գիտական ընկերությունների անդամ. ՄԱՄ (1967), ԵԱԸ (1990) և ՀԱԸ (2002): 1985-ին «Աստրոն» տիեզերական նախագծի համար արժանացել է Հայկ. ԽՍՀ պետական մրցանակի: 

Թովմասյանը 12 գրքերի, 175 գիտական հոդվածների և մի քանի տասնյակ գիտաժողովների նյութերում աշխատանքների հեղինակ է: Առավել կարևոր գրքերից են. «Աստղագիտություն: Ձեռնարկ միջն. դպրոցի համար» (1970, 1971, 1973, հեղինակակիցներ` Մ.Ա. Առաքելյան, Ա.Տ. Քալլօղլյան, Լ.Վ. Միրզոյան), «Մոլեգին գալակտիկաներ» (1974), «Ռադիոաստղագիտություն» (1976), «Âçðûâàþùèåñÿ ìèðû» (1979), «Âíåãàëàêòè÷åñêèå èñòî÷íèêè ðàäèîèçëó÷åíèÿ» (1986), «Ռադիոգալակտիկաներ» (1987):

 

Հայկական աստղագիտական ընկերություն