Մամուլի հաղորդագրություն, 18.06.2014թ.

 

Ամառային արևադարձ. հունիսի 21-ը՝ տարվա ամենաերկար օր

 

Summer Solstice.jpg

 

            Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 10:51, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում կանցնի երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում հյուսիսային կիսագնդում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26'), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:

Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը ներկայումս տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, իսկ ամառայինը՝ հունիսի 21-ին: Ամառային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը, իսկ ձմեռային արևադարձի ժամանակ հակառակը՝ ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը:           

Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ամռան և աշնան ընթացքում կեսօրին Արեգակը զենիթից ավելի ու ավելի է ցածր է դիտվելու (ցերեկվա տևողութունը սկսում է նվազել, իսկ գիշերվանը՝ աճել), աշնանային գիշերահավասարի ժամանակ ցերեկն ու գիշերը հավասարվում են, և ձմեռային արևադարձի ժամանակ` գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում, Արեգակը կարծես կանգ է առնում, և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (ցերեկվա տևողութունը սկսում է աճել, իսկ գիշերվանը՝ նվազել) մինչև ամառային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում:

Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին:                        

 

 Հայկական աստղագիտական ընկերություն