Մամուլի հաղորդագրություն, 30.06.2014թ.
Ժնևում բացվեց Եվրոպական աստղագիտական համագումարը
Շվեյցարիայի Ժնև քաղաքում իր աշխատանքները սկսեց Եվրոպական աստղագիտական համագումարը, որը պաշտոնապես կոչվում է «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» (European Week of Astronomy and Space Science – EWASS): Այն եվրոպական աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունն է և անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որևէ մեկում: Համագումարին ներկա է 43 երկրի շուրջ 529 աստղագետ, ներառյալ ճանաչված գիտնականներ, եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարներ և մեծ թվով երիտասարդ աստղագետներ: Եվրոպական համագումարի շրջանակներում անցկացվում է 10 գիտաժողով, 4 հատուկ նստաշրջան և 3 հատուկ խորհրդակցություն, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ` 9 պլենար զեկուցում, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Գլխավոր ասամբլենան (տարեկան հաշվետվությունը և ղեկավար մարմինների ընտրությունները), Եվրոպական հետազոտական խորհրդի (European Research Council – ERC) նստաշրջանը, Եվրոպական աստղագիտության ASTRONET տասնամյակային ռազմավարական ծրագրի խորհրդակցությունը, այլ վարչական նիստեր, եվրոպական աստղագիտական մրցանակների հանձնումը և այլն: Գիտաժողովները և հատուկ նստաշրջանները նվիրված են աստղագիտության ամենատարբեր հարցերին` Արեգակից, մոլորակներից, աստղերից, միգամածություններից և գալակտիկաներից մինչև բազմալիքային աստղագիտություն, տիեզերական մագնիսական դաշտեր և տիեզերական աստղադիտակներով ստացված գիտական արդյունքները: Կքննարկվեն նաև աստղագիտական կրթության և սիրողական աստղագիտության հարցերը Եվրոպայում, ինչպես նաև աստղագիտության կապն այլ գիտությունների հետ:
Հայաստանից եվրոպական աստղագիտական համագումարին մասնակցում են Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատակից Արեգ Միքայելյանը, ԲԱ գիտական քարտուղար Ելենա Նիկողոսյանը և Ալիխանյանի անվ. ազգային լաբորատորիայի Տիեզերաբանության և աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Սեդա Սարգսյանը: Արտասահմանյան հայազգի աստղագետներից ներկա է Քյոլնի համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատակից Տիգրան Արշակյանը:
ԵԱԸ հիմնադրվել է 1990 թ., իր կազմում ունի 25 ազգային աստղագիտական ընկերություն (այդ թվում և ՀԱԸ) և շուրջ 1100 անհատ անդամ, իր գործունեությամբ կոորդինացնում է եվրոպական աստղագիտությունը, տարեկան անցկացնում է համագումարներ, ունի տարեկան մրցանակներ ճանաչված և երիտասարդ աստղագետների համար: Հիշեցնենք, որ 2007 թ. ԵԱԸ համագումարն անցկացվել է Հայաստանում, որը մեր երկրում երբևէ անցկացված ամենախոշոր գիտական իրադարձությունն էր:
ԵԱԸ համագումարի համացանցային կայք-էջն է` http://eas.unige.ch/EWASS2014/
Հայկական աստղագիտական ընկերություն