Մամուլի հաղորդագրություն, 05.07.2014թ.

Մարսի ծածկումը Լուսնի կողմից


Հուլիսի 6-ի Գրինվիչի ժամանակով (UTC) 01:30 տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Մարսի ծածկումը Լուսնի կողմից։ Ծածկումն (լատիներեն` օկուլտացիա) աստղագիտական այն երևույթն է, երբ մեկ երկնային մարմին անցնում է մեկ այլ երկնային մարմնի առջևից, և քանի որ Լուսնի սկավառակի անկյունային չափը տասնյակ և հարյուրավոր անգամ մեծ է  մոլորակների սկավառակներից, ավելի հաճախ տարբեր մոլորակների ծածկումներ կարելի է դիտել Լուսնի կողմից։ Օրինակ, Մարսի անկյունային տրամագիծը (14”) Լուսնի անկյունային տրամագծից (31.5’) փոքր է 135 անգամ: Այդ երևույթի ժամանակ երկու լուսատուները երկնքում մոտենում են միմյանց, այնուհետև մոլորակը հայտնվում է Լուսնի սկավառակի հետևում և որոշ ժամանակ չի երևում, իսկ որոշ ժամանակ անց հայտնվում է Լուսնի մյուս կողմում: Այդ ժամանակ առավել ակնհայտ են մոլորակների շարժումները, և մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են երկնային այս իրադարձությունները և հետևել դրանց: Այս լուսնային ծածկումը տեսանելի կլինի Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայից:

Հայկական աստղագիտական ընկերություն