Մամուլի հաղորդագրություն, 21.07.2014թ.

 

Այսօր լրանում է հայ աստղագետ Վահրամ Չավուշյանի 50-ամյակը

 

 

Այսօր՝ հուլիսի 21-ին, լրանում է հայ աստղագետ Վահրամ Չավուշյանի 50-ամյակը: Վահրամ Հովսեփի Չավուշյանը ծնվել է 1964թ. հուլիսի 21-ին Երևանում, աստղագետի ընտանիքում: Նրա հայրը` Հովսեփ Ստեփանի Չավուշյանը, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հայտնի գիտնականներից էր: 1986-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետն աստղաֆիզիկա մասնագիտացմամբ և աշխատանքի է ընդունվել ԲԱ, որտեղ աշխատել է մինչև 1991թ.: 1989-1991-ին եղել է ԲԱ 1մ Շմիդտի աստղադիտակի լաբորատորիայի վարիչը: 1991-ին տեղափոխվել Ռուսաստանի Հատուկ աստղադիտարան (ՀԱ), որտեղ 1995-ին պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածուական թեզը (ղեկավար` Ջիվան Ստեփանյան): 1996-1997-ին եղել է ՀԱ ավագ գիտաշխատող, 1995-1997-ին` ՀԱ 60սմ աստղադիտակի արդիականացման և ավտոմատացման խմբի պատասխանատուն: Որպես այցելու աստղագետ 1996 և 1997 թթ. ժամանակավորապես աշխատել է Մեքսիկայի Աստղաֆիզիկայի, էլեկտրոնիկայի և օպտիկայի ազգային ինստիտուտում (INAOE, Պուեբլա): 1998-ին տեղափոխվել է INAOE, որտեղ աշխատում է Աստղաֆիզիկայի բաժնում որպես ամենաբարձր (C) կարգի հետազոտող: Որպես այցելու աստղագետ աշխատել է Համբուրգի աստղադիտարանում և Բոննի Մաքս-Պլանկի ռադիոաստղագիտության ինստիտուտում: Հետազոտությունների հիմնական թեմաներն են աստղագիտական լայնանկյուն շրջահայությունները, ակտիվ գալակտիկաները և քվազարները, գալակտիկաների կոմպակտ խմբերը, Գերնորերը և դիտողական աստղագիտությունը: Արդյունքում Չավուշյանը հրատարակել է շուրջ 200 գիտական հոդված, որից 100-ից ավելի` գրախոսվող գիտական ամսագրերում, այդ թվում` աստղաֆիզիկայի միջազգային կարևորագույն ամսագրերում: Երկար տարիների ընթացքում ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Հայաստանի և այլ երկրների գիտնականների հետ: Հանդիսանում է Մեքսիկայի բազմաթիվ աստղագիտական խորհուրդների և հանձնաժողովների անդամ: Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է (2011-ից): Դասավանդել է Մեքսիկայի մի շարք համալսարաններում և ինստիտուտներում, հանդիսանում է բազմաթիվ դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական և թեկնածուական թեզերի ղեկավար: Միջազգային աստղագիտական միության (2006), Եվրոպական (1992), Եվրասիական (1996) և Հայկական (2002) աստղագիտական ընկերությունների, Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի (2010) անդամ է:  

 

Հայկական աստղագիտական ընկերություն