Մամուլի հաղորդագրություն, 31.07.2014թ.
Լույս տեսավ Միջազգային աստղագիտական միության թիվ 304
Հայաստանում կայացած գիտաժողովի նյութերի ժողովածուն
Քեմբրիջի համալսարանի հրատարակչության (Cambridge University Press, CUP) կողմից անգլերեն լեզվով լույս տեսավ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) թիվ 304 գիտաժողովի նյութերի ժողովածուն, որում տեղ են գտել 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Երևանում կայացած գիտաժողովի զեկուցումները: Գիտաժողովը նվիրված էր Բենիամին Մարգարյանի 100-ամյակին և կոչվում էր «Ակտիվ գալակտիկաների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ»: Ժողովածուի խմբագիրներն են Արեգ Միքայելյանը (Հայաստան) և Դեյվիդ Սանդերսը (ԱՄՆ):
Գիտաժողովի մասնակիցների թվում էին 141 աստղագետներ 28 երկրներից: Կազմակերպիչներն էին ՄԱՄ-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը: Գիտաժողովի թեմատիկան բավական լայն էր` ակտիվ գալակտիկաների գամմա-, ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր և ռադիո շրջահայություններ, դրանց վիճակագրությունը, կառուցվածքը և տեսական մոդելները, ակտիվ գալակտիկաները կույտերում, դրանց շրջապատը, կրկնակի ակտիվ գալակտիկաներ, գերզանգվածեղ սև խոռոչներ, փոփոխականությունը, ակտիվության երևույթի բացատրությունը և ապագայի խոշոր նախագծերը: Ժողովածուի ծավալն է 439 էջ, այն ընդգրկում է 28 հրավիրված, 51 ներկայացված զեկուցում և 60 պոստեր:
Հայ աստղագետներն այդ ժողովածուում տպագրել են 27 աշխատանք, այդ թվում ԲԱ գիտնականները` 21, իսկ մնացածը` ԵՊՀ և ՀՀ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հայ աստղագետներ ԱՄՆ-ից և Գերմանիայից: Բացի գիտական հոդվածներից, ժողովածուում տեղ են գտել նաև ներածություն, որտեղ բերված են ընդհանուր տեղեկություններ գիտաժողովի մասին և դրա կարևորագույն իրադարձությունները, կազմակերպիչների և հովանավորների ցանկը, մասնակիցների կազմը և Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված հոդված:
Ժողովածուի առցանց տարբերակը Քեմբրիջի համալսարանի հրատարակչության կայք-էջում` http://journals.cambridge.org/action/displayIssue?jid=IAU&tab=currentissue
Հայկական աստղագիտական ընկերություն