Մամուլի հաղորդագրություն, 01.08.2014թ.

 

 Օգոստոսի 2-ին տեղի կունենա Մերկուրիի և Յուպիտերի «միացումը»

 

 

 

Օգոստոսի 2-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու  մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին և Յուպիտերը։ Մերկուրիի և Յուպիտերի միացումը, որը բավական սեղմ է

(0°9 անկյունային հեռավորություն), դիտվում է Երկրագնդի համարյա բոլոր կետերից: Մոլորակների միջև այդ անկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա: Իհարկե, իրականում Մերկուրին և Յուպիտերը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Մերկուրին Երկրից հեռու է միջինում 1.04 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Յուպիտերը` մոտ 6.3 ա.մ.:

Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից:

Մերկուրիին տեսնելու համար պետք կգա փոքր աստղադիտակ կամ հեռադիտակ, քանի որ այն բավական թույլ է պայծառ Յուպիտերի կողքին և անզեն աչքով չի երևում:

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):

 

Հայկական աստղագիտական ընկերություն