Մամուլի հաղորդագրություն, 04.08.2014թ.

 

Հոկտեմբերին աստղագիտական գիտաժողովը

կհամախմբի բոլոր մտավորականներին

Հոկտեմբերի 7-9-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա գիտաժողով «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով, որը նվիրված է գիտության, մշակույթի և մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին և Տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը: Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ), ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:

            Գիտաժողովին կմասնակցեն աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, կենսաբաններ, քիմիկոսներ, լեզվաբաններ, արվեստագետներ և այլ մասնագետներ: Զեկուցվող և քննարկվող թեմաներն են լինելու Հայաստանի աստղագիտական ժառանգությունը, հնագույն աստղագիտություն, աստղագիտությունը միջնադարում, աստղագիտությունը հնագույն մշակույթներում, էթնոաստղագիտություն, փիլիսոփայության աստղագիտական հիմքերը, կրոնը և աստղագիտությունը, այլերկրային քաղաքակրթությունների հիմնախնդիրը, Արեգակի ակտիվությունը և ջերմաստիճանի համընդհանուր աճը, աստղաբանություն և աստղագուշակություն, աստղագիտության կիրառական նշանակությունը, աստղաինֆորմատիկա և աստղավիճակագրություն, տիեզերագնացություն, աստղագիտությունը բանահյուսությունում և պոեզիայում, աստղագիտությունն արվեստում, աստղագիտությունը նորաձևության մեջ, աստղալեզվաբանություն, աստղահերալդիկա, գիտական տուրիզմ, գիտական լրագրություն, սիրողական աստղագիտություն, աստղագիտական կրթություն և հանրամատչելի աստղագիտություն:

Գիտաժողովի համացանցային կայք էջն է՝ http://www.aras.am/Meetings/RASCS/index.html։ Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել առցանց ձևով հետևյալ հասցեով` http://www.aras.am/Meetings/RASCS/grancum.html:

 

Հայկական աստղագիտական ընկերություն