Մամուլի հաղորդագրություն, 07.08.2014թ.

 

«Գերլուսին»` օգոստոսի 10-ին

http://www.aras.am/News/pressreleases/20130621_files/image002.jpg

         Օգոստոսի 10-ին Գրինվիչի ժամանակով 18:09 (Երևանի ժամանակով  22:09)  մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս մոտ կլինի Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում: 2014թԼուսինն ամենամոտը կգտնվի Երկրին հենց օգոստոսի 10-ին։

Այս դիրքում, որ կոչվում է պերիգեոս (երկրամերձ կետ կամ մերձերկիր) Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը կկազմի 356,896 կմ: Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 400 կմ: «Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջև: Լուսնի չափերը սովորականից 16%-ով ավելի մեծ են, իսկ պայծառությունը` սովորականից 30%-ով ավելի:

Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն գիտականորեն որևէ էական ազդեցություն չի հայտնաբերված: Այնուամենայնիվ, Լուսնի ազդեցությունը Երկրի վրա բավական զգալի է, մասնավորապես նրանով են պայմանավորված Երկրի ջրային զանգվածի` օվկիանոսների ու ծովերի, մակարդակի բարձրացումն ու իջեցումը (մակընթացությունները և տեղատվությունները): Իսկ «գերլուսնի» ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի համեմատ ևս մի քանի սանտիմետրով փոխվում է:

Լուսինը երկրին այսքան մոտ չի լինի մինչև 2015թ. սեպտեմբերի 28, իսկ հաջորդ գերլուսինը կդիտվի 2014թ. սեպտեմբերի 9-ին:

 Հայկական աստղագիտական ընկերություն