Մամուլի հաղորդագրություն, 10.08.2014թ.
Աստղային անձրև օգոստոսի 12-13
Հուլիսի 23-ին սկսվել է Պերսեիդների ասուպային հոսքը, որի առավելագույն փուլն ընկնում է օգոստոսի 12-13 և ավարտվում է օգոստոսի 22-ին: Պերսեիդների ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ և աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է: Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք նկատելի հետքեր են թողնում:
Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Այս դեպքում հոսքը պայմանավորող երկնաքարերի խումբն առաջացրել է Սվիֆթ-Թատլի գիսավորը:Սովորաբար երկնաքարերը շատ փոքր են (ավազահատիկների և մանր քարերի չափերի), և մի քանի հարյուր կմ/վրկ արագություններով մտնելով մթնոլորտ նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել:
Ընդհանրապես
ասուպներ կարող
են դիտվել ամեն
օր, սակայն ասուպային
հոսքերի օրերին
դրանց թիվը կտրուկ
ավելանում է, ինչպես
նաև հոսքի բոլոր
ասուպները որպես
կանոն «ելնում»
են երկնքի որոշակի
տիրույթից` ռադիանտից:
Երբեմն դիտվում
են առանձնահատուկ
ինտենսիվ հոսքեր,
որոնք կոչվում
են ասուպային
(աստղային) անձրևներ,
ասուպային բռնկումներ,
ասուպային փոթորիկներ
կամ «աստղաթափեր»,
երբ 1 ժամում կարող
են դիտվել 1000-ից ավելի
ասուպներ: Տարվա
ընթացքում դիտվում
է շուրջ 20 ասուպային
հոսք, որոնցից
հատկապես ինտենսիվ
են Քվադրանտիդները,
Լեոնիդները և Գեմինիդները:
Հայկական աստղագիտական ընկերություն