Մամուլի հաղորդագրություն, 16.09.2014թ.

 

 

Լրացավ ֆիզիոս Ռոլանդ Ավագյանի 70-ամյակը

 

http://www.ysu.am/static/617.jpg

Այսօր ժամանակակից հայ խոշորագույն ֆիզիկոսներից մեկի՝ Ռոլանդ Ավագյանի 70 ամյակն է։

Ռոլանդ Մամիկոնի Ավագյանը ծնվել է 1944թ. սեպտեմբերի 18-ին Գետաշենում: 1968-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ): 1973-ին պաշտպանել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուական թեզը, իսկ 1990թարժանացել է ֆիզ-մաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի: 1971-1974 թթ. տեսական ֆիզիկայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող է եղել, 1974 - 1991 թթ. ունեցել էդոցենտի կոչում, 1991 թ-ից մինչ այժմ տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր է, 2000- 2006 թթ. եղել է տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2006թ-ից մինչ այժմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն է: Նրա հետազոտությունների հիմնական թեմաներն են՝ հարաբերականության ընդհանուր տեսություն և գրավիտացիայի ալտերնատիվ տեսություններ, նրանց աստղաֆիզիկական և կոսմոլոգիական կիրառությունները պուլսարներ, նեյտրոնային աստղեր և սպիտակ թզուկներ, էլեկտրադինամիկայի և քվանտային մեխանիկայի հատուկ ասպեկտներ և գրավիտացիայի սկալյար-թենզորական տեսություն։ Այս հետազոտությունների արդյունքում գրել է բազում հոդվածներ և 4 գիրք։ Կարդացել է դասախոսություններ դասական մեխանիկա, դասական էլեկտրադինամիկա, քվանտային մեխանիկա, գրավիտացիայի տեսություն, նեյտրոնային աստղերի ֆիզիկա, պլազմայի ֆիզիկա, թույլ փոխազդեցություններ և տեսական միջուկային ֆիզիկա թեմաներով։

Ռոլանդ Ավագյանն արժանացել է Արցախի կրթության նախարարության Աթայանի անվան մեդալի, ԵՊՀ  ոսկե մեդալի, ինչպես նաև մի շարք այլ գիտական շնորհների: Նա ղեկավարել է բազմաթիվ հայտնի ֆիզիկոսների, որոնք ներկայումս հաջողությամբ աշխատում են ԵՊՀ-ում և այլուր: 2006թ ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ինչպես նաև ԵՊՀ տեսական ֆիզիկայի բնագավառում թեզերի պաշտպանության խորհրդի անդամ(1980թ-ից մինչ այժմ), ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ (2000 թ-ից մինչ այժմ), աստղաֆիզիկայի բնագավառում թեզերի պաշտպանության Բյուրականի աստղադիտարանի խորհրդի անդամ (2004-2006 թթ.), ֆիզիկայի բնագավառում Նախագահի մրցանակի շնորհման հանձնաժողովի նախագահ (2005 թ-ից մինչ այժմ), ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի խորհրդի նախագահ (2006 թ-ից մինչ այժմ), Հայկական աստղագիտական ընկերության (2009 թ-ից մինչ այժմ) և մի շարք այլ գիտական կազմակերպությունների անդամ է:

 

Հայկական աստղագիտական ընկերություն