Մամուլի հաղորդագրություն, 18.09.2014թ.
Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և Հայաստանում
աստղագիտության օրն է
Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է, որը` սկսած 2009թ., Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր։
Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի խոշորագույն գիտնականներից մեկն էր: Նա հիմնարար ներդրում ունի աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում: Ավելի քան 700 հոդվածների և 20-ից ավելի գրքերի հեղինակ է: Առավել հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող և այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով և հայտնագործություններով: Նա նաև գիտության խոշոր կազմակերպիչ էր, կարևոր քաղաքական և հասարակական գործիչ: Նա հիմնադրել և ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանը 1946-1988թթ., եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ 1947-1993թթ., Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) պրեզիդենտ 1961-1964թթ. և Գիտական միությունների միջազգային խորհրդի պրեզիդենտ 1968-1972թթ.: Համբարձումյանը ԽՍՀՄ և ՀՀ ազգային հերոս էր, 28 ակադեմիաների անդամ, 7 համալսարանների պատվավոր դոկտոր, արժանացել է բազմաթիվ պետական և գիտական մրցանակների, շքանշանների և մեդալների:
Հայկական աստղագիտական ընկերություն