Մամուլի հաղորդագրություն, 22.09.2014թ.

 

Հայկական աստղագիտական ընկերության

դպրոցական դասախոսությունների ծրագիր

 

http://www.aras.am/Meetings/RASCS/assets/images/aras.png  

 

Հոկտեմբերի 13-17-ին Հայաստանի դպրոցներում կիրականացվի Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում պրոֆեսիոնալ աստղագետները կայցելեն Երևանի և ՀՀ մարզերի 30 դպրոց: Ծրագիրն իրականացվում է ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի, այլ ամերիկահայ հովանավորների և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ընդգրկված են ՀՀ բոլոր մարզերի և Երևանի բոլոր վարչական շրջանները, ինչպես նաև մի քանի մասնագիտացված դպրոց: Աստղագետները կպատմեն ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:

Դասախոսների թվում են ԲԱ տնօրեն Հայկ Հարությունյանը, ՀԱԸ համանախագահ և ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ գիտական քարտուղար Ելենա Նիկողոսյանը, այլ պրոֆեսիոնալ աստղագետներ:

Աշակերտներին և դպրոցների գրադարաններին կտրամադրվեն աստղագիտական հանրամատչելի նյութեր, այդ թվում` «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակներ: Վերջինս ընդգրկում է դպրոցական աստղագիտության վերաբերյալ ծավալուն նյութեր` թվայնացված դասագրքեր և խնդրագրքեր, հանրագիտարաններ և տեղեկատուներ, աստղագիտական համակարգչային հանրամատչելի ծրագրեր, լուսանկարներ և շարժանկարներ, ԲԱ, Վիկտոր Համբարձումյանի և այլ հայ աստղագետների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև «Տիեզերքի եռաչափ ատլաս» կոչվող հանրամատչելի CD խտասկավառակը:

Այս հանդիպումների նպատակներից մեկն է նաև դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար:

 

Հայկական աստղագիտական ընկերություն

 

Top of Form