Մամուլի հաղորդագրություն, 29.09.2014թ.
Գիտաժողով․«Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ»
Հոկտեմբերի 7-9-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա գիտաժողով «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով, որը նվիրված է գիտության, մշակույթի և մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին և Տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը: Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ), ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:
Գիտաժողովին արդեն գրանցվել են աստղագետներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ, քիմիկոսներ, պատմաբաններ, փիլիսոփաներ հնագետներ, լեզվաբաններ, արվեստագետներ և այլ մասնագետներ: Զեկուցվող և քննարկվող թեմաներն են լինելու Հայաստանի աստղագիտական ժառանգությունը, հնագույն աստղագիտությունը, աստղագիտությունը միջնադարում, աստղագիտությունը հնագույն մշակույթներում, էթնոաստղագիտություն, փիլիսոփայության աստղագիտական հիմքերը, կրոնը և աստղագիտությունը, արտերկրային քաղաքակրթությունների հիմնախնդիրը, աստղաբանությունը և աստղագուշակությունը, աստղագիտության կիրառական նշանակությունը, աստղաինֆորմատիկան և աստղավիճակագրությունը, աստղագիտությունը բանահյուսությունում և պոեզիայում, աստղագիտությունն արվեստում, աստղալեզվաբանություն, աստղահերալդիկան, գիտական տուրիզմը, գիտական լրագրությունը, սիրողական աստղագիտությունը, աստղագիտական կրթությունը և հանրամատչելի աստղագիտությունը:
Գիտաժողովի մասնակիցների ուղեփոխադրումը Երևանից Բյուրական և հակառակ ուղությամբ կկազմակերպվի անվճար։ Գիտաժողովի ծրագրում նախատեսվում է նաև այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով և էքսկուրսիա Զորաց քարեր։
Գիտաժողովի համացանցային կայք էջն է՝http://www.aras.am/Meetings/RASCS/index.html։ Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ առցանց ձևով հետևյալ հասցեով`http://www.aras.am/Meetings/RASCS/grancum.html:
Հայկական աստղագիտական ընկերություն