Մամուլի հաղորդագրություն, 06.10.2014թ.

 

 

Հոկտեմբերի 7-ին Բյուրականում տեղի կունենա «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի բացումը

 

12.jpg

Հոկտեմբերի 7-10-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա գիտաժողով «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով, որը նվիրված է գիտության, մշակույթի և մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին և Տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը: Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ), ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:

Գիտաժողովին մասնակցում են աստղագետներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ, քիմիկոսներ, պատմաբաններ, փիլիսոփաներ հնագետներ, լեզվաբաններ, արվեստագետներ և այլ մասնագետներ: Զեկուցվող և քննարկվող թեմաներն են լինելու Հայաստանի աստղագիտական ժառանգությունը, հնագույն աստղագիտությունը, աստղագիտությունը միջնադարում, աստղագիտությունը հնագույն մշակույթներում, էթնոաստղագիտություն, փիլիսոփայության աստղագիտական հիմքերը, կրոնը և աստղագիտությունը, արտերկրային քաղաքակրթությունների հիմնախնդիրը, աստղաբանությունը և աստղագուշակությունը, աստղագիտության կիրառական նշանակությունը, աստղաինֆորմատիկան և աստղավիճակագրությունը, աստղագիտությունը բանահյուսությունում և պոեզիայում, աստղագիտությունն արվեստում, աստղալեզվաբանություն, աստղահերալդիկան, գիտական տուրիզմը, գիտական լրագրությունը, սիրողական աստղագիտությունը, աստղագիտական կրթությունը և հանրամատչելի աստղագիտությունը:

Աստղադիտարանի ավտոբուսները Երևանից (ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի մոտից, Մարշալ Բաղրամյան 24) կմեկնեն հոկտեմբերի 7-ին, 9-ին և 10-ին առավոտյան ժամը 9:00-ին, իսկ Երևան կվերադառնան ժամը 18:00-ին։ Հոկտեմբերի 8-ին կազմակերպվում է այցելություն Զորաց Քարեր, իսկ վերջին օրը՝ հոկտեմբերի 10-ին, կեսօրից հետո նախատեսվում է ծանոթություն Բյուրականի աստղադիտարանի հետ խոշորագույն 2.6մ աստղադիտակ և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։

Գիտաժողովի համացանցային կայք էջն է՝http://www.aras.am/Meetings/RASCS/index.html։

 

Հայկական աստղագիտական ընկերություն