Մամուլի հաղորդագրություն, 09.10.2014թ.
Լույս տեսավ Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված գիտաժողովի
նյութերի ժողովածուն
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ հրատարակել են միջնադարի հայ խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովի նյութերի ժողովածուն (խմբագիրներ՝ Հ․Ա․ Հարությունյան, Ա․Մ․ Միքայելյան և Է․Ս․ Պարսամյան, Երևան, «Էդիթ Փրինթ», 2014թ․, 220 էջ): Գիտաժողովը կայացավ 2012թ․ սեպտեմբերի 25-26-ին, այն կոչվում էր «Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում» և միաժամանակ հանդիսանում էր Հայկական աստղագիտական ընկերության XI տարեկան համաժողովը։
Ժողովածուն բաղկացած է 3 հիմնական բաժնից. «Աստղագիտական ժառանգություն», «Անանիա Շիրակացի» և «Ժամանակակից աստղագիտություն», ինչպես նաև ներառված են Անանիա Շիրակացու վերաբերյալ գրականություն և այլ նյութեր: Ժողովածուն կարող է հետաքրքրել աստղագետներին, պատմաբաններին, հնագետներին, լեզվաբաններին, ուսանողներին և այլ ընթերցողների:
Ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Բյուրականի աստղադիտարանում ընթացող «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի փակման արարողության ժամանակ։ Ներկաներին կտրվի գրքի մեկական օրինակ։
Հայկական աստղագիտական ընկերություն