Մամուլի հաղորդագրություն, 12.10.2014թ.

 

Բյուրականում ավարտվեց «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը

 

12.jpg

Հոկտեմբերի 7-10-ին Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով գիտաժողով, որը նվիրված էր գիտության, մշակույթի և մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին և Տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը: Կազմակերպիչներն էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ), ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:

Գիտաժողովին մասնակցեցին աստղագետներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, կենսաբաններ, փիլիսոփաներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ, արվեստագետներ, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ մասնագետներ, ընդհանուր առմամբ՝ 64 հոգի: Զեկուցվող և քննարկվող թեմաներն էին Հայաստանի աստղագիտական ժառանգությունը, հնագույն աստղագիտությունը, փիլիսոփայության աստղագիտական հիմքերը, արտերկրային քաղաքակրթությունների հիմնախնդիրը, աստղաբանությունը և աստղագուշակությունը, աստղագիտության կիրառական նշանակությունը, աստղաինֆորմատիկան և աստղավիճակագրությունը, աստղագիտությունը բանահյուսությունում և պոեզիայում, աստղագիտությունն արվեստում, աստղալեզվաբանությունը, աստղահերալդիկան, գիտական տուրիզմը, գիտական լրագրությունը, սիրողական աստղագիտությունը, աստղագիտական կրթությունը, հանրամատչելի աստղագիտությունը և այլն: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 7-ին, 9-ին և 10-ին ներկայացվեց 45 զեկուցում, այդ թվում վերջին՝ ամփոփիչ զեկուցումը՝ հաշվետվություն ՀԱԸ գործունեության մասին։

Հոկտեմբերի 8-ին կազմակերպվեց այցելություն Զորաց Քարեր, իսկ վերջին օրը՝ հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ ծանոթություն Բյուրականի աստղադիտարանի հետ՝ այցելություն խոշորագույն 2.6մ աստղադիտակ և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։

 

Հայկական աստղագիտական ընկերություն