Մամուլի հաղորդագրություն, 31.10.2014

 

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xpf1/v/t1.0-9/10635912_788956567831647_942894771829091039_n.jpg?oh=5e3b92c65725c51075f6c28f488f4e90&oe=556096F7&__gda__=1431960886_1c010d2ebef3b2e0bb3ee7a5d94e0c93

Հոկտեմբերի 28-31-ին Հայաստանի դպրոցներում իրականացվեց Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելեցին Երևանի և ՀՀ մարզերի դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Աստղագետները եղան ՀՀ մարզերում և Երևանի վարչական տարածքներում, ինչպես նաև մի քանի մասնագիտացված դպրոցներում: Ընդամենն անցկացվեց 30 դասախոսություն: Աստղագետները պատմեցին ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:

Դասախոսների թվում էին ԲԱ տնօրեն Հայկ Հարությունյանը, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ գիտական քարտուղար Ելենա Նիկողոսյանը, ԲԱ ավագ գիտաշխատողներ Հովհաննես Պիկիչյանը և Արարատ Եղիկյանը, ԲԱ գիտաշխատող և Երևանի ֆիզ-մաթ դպրոցի ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի Մարիետտա Գյուլզադյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանը:

Աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվեցին աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակները: Այս հանդիպումների նպատակներից մեկն էր նաև դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Նման հետաքրքրքություն ցուցաբերեցին հարյուրավոր աշակերտներ:

 

Հայկական աստղագիտական ընկերություն