Մամուլի հաղորդագրություն, 09.11.2014
ՌՈԶԵՏԱ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԷՋՔԸ ԳԻՍԱՎՈՐԻ ՎՐԱ
Նոյեմբերի 12-ին պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա մարդու կողմից ստեղծած արհեստական կայանի վայրէջք գիսավորի վրա։ Այդ օրը Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) Ռոզետա տիեզերանավը վայրէջք կկատարի 67P / Չուրյումով-Գերասիմենկո գիսավորի մակերևույթին։ 2004թ․ մարտին է արձակվել Ռոզետան և տասնամյա ճամփորդություն է կատարել արեգակնային համակարգում և այս տարվա օգոստոսի 6-ին հասել է Չուրյումով-Գերասիմենկո գիսավորին՝ ժամանակավորապես դառնալով նրա արհեստական արբանյակը: Գիսավորի շուրջ մի քանի պտույտ կատարելուց հետո տիեզերանավի վայրէջքային կայանը տեղակայվելու է դրա մակերեսին։
Առաքելության վայրէջքը կսկսվի նոյեմբերի 12-ին Գրինվիչի ժամանակով ժամը 08:35-ին գիսավորի կենտրոնից 22․5 կմ հեռավորության վրա։ Վայրէջքը կտևի մոտ յոթ և կես ժամ, և ակնկալվում է, որ Ռոզետան գիսավորին կհասնի Գրինվիչի ժամանակով ժամը 16:00-ին։ 2015 թ․ օգոստոսին գիսավորը և Ռոզետան կլինեն Արեգակին ամենամոտ կետում՝ մերձարեգակում։ Առաքելության վայրէջքի անիմացիան բերվում է հետևյալ հղումով՝http://youtu.be/AvkPFXdpOQQ, իսկ վայրէջքին առցանց կարելի է հետևել հետևյալ հղումով http://rosetta.esa.int/։
Հայկական աստղագիտական ընկերություն