Մամուլի հաղորդագրություն, 14.11.2014թ.
ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ` ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանն ընդունեց 2014թ. Միջազգային աստղագիտական օլիմպիադայի (ՄԱՕ) և Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայի (ԱԱՄՕ) մասնակից դպրոցականներին: Հիշեցնենք, որ օգոստոսին Ռումինիայում կայացած 8-րդ ԱԱՄՕ-ում և հոկտեմբերին Ղրղզստանում կայացած 19-րդ ՄԱՕ-ում Հայաստանի աշակերտները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոցի սան Էդգար Վարդանյանն արժանացել է ԱԱՄՕ բրոնզե և ՄԱՕ ոսկե, Գևորգ Մարտիրոսյանն արժանացել է ԱԱՄՕ արծաթե, Վարդգես Մամբրեյանը՝ ԱԱՄՕ բրոնզե, ՀՊՃՀ ավագ դպրոցի սան Արսեն Վասիլյանը՝ ԱԱՄՕ արծաթե մեդալի, ինչպես նաև Ղրղզստանում Էդգար Վարդանյանը արժանացել է բացարձակ հաղթողի մրցանակին: Նշված օլիմպիադաներին մասնակցել են նաև Հրանտ Թոփչյանը, Դավիթ Ասլանյանը, Հրաչ Բաբուջյանը և Էդուարդ Գրիգորյանը, ովքեր պարգևատրվել են մասնակցի դիպլոմներով և նույնպես մեդալների հավակնորդներ են եղել: Հաշվի առնելով նաև նախորդ տարիների միջազգային աստղագիտական օլիմպիադաները, նշված դպրոցականներն ընդհանուր առմամբ արժանացել են 12 մեդալի, ինչպես նաև նրանցից մի քանիսը հաջողությամբ հանդես են եկել նաև ֆիզիկայի և ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում:
ՀՀ ԳԱԱ հանդիպմանը ներկա էին նաև թիմի ղեկավարներ Մարիետա Գյուլզադյանը և Ավետիք Գրիգորյանը, ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:
Տեղի ունեցավ զրույց աստղագիտական օլիմպիադաների, Հայաստանում և աշխարհում աստղագիտության և ընդհանրապես գիտության վիճակի և խնդիրների մասին: Օլիմպիադայի մասնակիցներին և ղեկավարներին հանձնվեցին սիրողական աստղադիտակ, աստղագիտական հուշանվերներ, աստղագիտական գրքեր, խտասկավառակներ և այլ նյութեր:
Հայկական աստղագիտական ընկերություն