Մամուլի հաղորդագրություն, 21.11.2014թ.

 

ՀՀ-ՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ԲՅՈՒՐԱԿԱՆ

 

Նոյեմբերի 21-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հյուրընկալեց Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերին և դեսպանության աշխատակիցներին։ Հյուրերն այցելեցին աստղադիտարանի խոշորագույն` 2.6մ աստղադիտակ, հանդիպում ունեցան ԲԱ տնօրեն Հայկ Հարությունյանի հետ, լսեցին զեկուցում Վիկտոր Համբարձումյանի, Բյուրականի աստղադիտարանի գործունեության, ժամանակակից աստղագիտության նվաճումների և աստղագիտության ոլորտում հայ-շվեյցարական կապերի մասին: Ընդունելության նպատակն էր հայ-շվեյցարական կապերի և գիտական համագործակցության ամրապնդումը։

Հարկ է նշել, որ վերջին տարիներին աստղագիտության ոլորտում հայ-շվեյցարական կապերն ակտիվացել են: 2007-ին ՀԱԸ կողմից կազմակերպած Եվրոպական աստղագիտական համագումարին (JENAM-2007) մասնակցեցին առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերող, հետագայում Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի առաջին (2010թ.) դափնեկիր պրոֆ. Միշել Մայորը և ԻՆՏԵԳՐԱԼ տիեզերական աստղադիտարանի տվյալների գիտական կենտրոնի (ISDC) տնօրեն, ներկայումս Եվրոպական աստղագիտական ընկերության և Շվեյցարիայի արվեստների և գիտությունների ակադեմիայի նախագահ պրոֆ. Թիերի Կուրվուազիեն: Միշել Մայորը հանդես եկավ պլենար զեկուցմամբ, իսկ Թիերի Կուրվուազիեն կազմակերպեց JENAM-2007-ի գիտաժողովներից մեկը, որը նվիրված էր բարձր էներգիաների աստղաֆիզիկային: Միշել Մայորը տարիներ շարունակ համագործակցում է հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանի (Իսպանիա) հետ. Վիկտոր Համբարձումյանի 2010թ. միջազգային մրցանակը համատեղ շնորհվել է նրանց և նրանց գործընկեր պորտուգալացի Նունու Սանտուշին: Միշել Մայորը Բյուրականյան ամառային դպրոցներից մեկում դասախոսություն է կարդացել, իսկ 2014թ. նա նաև ընդգրկվեց Բյուրականի աստղադիտարանի միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի կազմում:

 

Հայկական աստղագիտական ընկերություն