Մամուլի հաղորդագրություն, 24.11.2014

 

ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԵՐԿՈՒՐԻԻ և ՍԱՏՈՒՐՆԻ «ՄԻԱՑՈՒՄԸ»

 

https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-xap1/v/t1.0-9/10409598_801663669894270_6747379231173959313_n.jpg?oh=c0d60da3912501a2b6dd3816ad44a02e&oe=5567CF5A&__gda__=1432743302_98422fba4b36b1f5ac4dd89facc23bcd

Նոյեմբերի 26-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակը՝ Մերկուրին և իր օղակներով հայտնի Սատուրնը: Ավելի տպավորիչ տեսարան ունենալու համար ցանկալի է մոլորակների միացմանը հետևել փոքր աստղադիտակով, սակայն այս երևույթը դիտվում է նաև անզեն աչքով։ Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Անհրաժեշտ է առավոտյան` արևածագից առաջ, դիտել երկնքի արևելյան հատվածը: Երկու մոլորակների միջև անկյունային հեռավորությունը կլինի 1°43: Իհարկե, իրականում Մերկուրին և Սատուրնը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Մերկուրիի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է հասնել 82 միլիոն կմ-ի կամ 0.55 աստղագիտական միավորի (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Սատուրնը Երկրին ամենաշատը կարող է մոտենալ մինչև 1.2 միլիարդ կմ կամ 8 ա.մ.: Իրենց չափերով նույնպես այս մոլորակները խիստ տարբեր են. Սատուրնն Արեգակնային համակարգի երկրորդ խոշոր մոլորակն է, որի շառավիղը 9.5 անգամ գերազանցում է Երկրի շառավղին և 60268 կմ է, իսկ Մերկուրին` ունենալով 2437 կմ շառավիղ, հանդիսանում է Արեգակնային համակարգի 8 մեծ մոլորակներից ամենափոքրը: Մյուս կողմից, Մերկուրին իր խտությամբ շատ մոտ է Երկրին, իսկ Սատուրնը հեղուկ մոլորակ է և խտությամբ 8 անգամ զիջում է Երկրին:

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ), որոնց լրիվ ցուցակը 2001-2050թթ. համար բերվում է ՀԱԸ կայքէջում`http://www.aras.am/Calendar/conjunctions.htm: Առաջիկա նման երևույթը Վեներայի, Մարսի և Ուրանի համար կդիտվի 2015թ. մարտի 4-ին:

                                                   

Հայկական աստղագիտական ընկերություն