Մամուլի հաղորդագրություն #367, 07.12.2014թ.

 

2015թ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ

 

 

2015թ. հունիսի 22-26-ին Տեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա) տեղի կունենա Եվրոպական աստղագիտական համագումարը, որը պաշտոնապես կոչվում է «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» (European Week of Astronomy and Space Science – EWASS): Համագումարն ունի 25-ամյա պատմություն և եվրոպական աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունն է այն անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որևէ մեկում

Համագումարին սպասվում է մի քանի տասնյակ երկրների շուրջ 500-600 աստղագետ, ներառյալ ճանաչված գիտնականներ, եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարներ և մեծ թվով երիտասարդ աստղագետներ: Եվրոպական համագումարի շրջանակներում անցկացվում են գիտաժողովներ, հատուկ նստաշրջաններ և հատուկ խորհրդակցություններ, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ` պլենար զեկուցումներ, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Գլխավոր ասամբլենան (տարեկան հաշվետվությունը և ղեկավար մարմինների ընտրությունները), Եվրոպական հետազոտական խորհրդի (European Research Council – ERC) նստաշրջանը, Եվրոպական աստղագիտության ASTRONET տասնամյակային ռազմավարական ծրագրի խորհրդակցությունը, այլ վարչական նիստեր, եվրոպական աստղագիտական մրցանակների հանձնումը և այլն: Գիտաժողովները և հատուկ նստաշրջանները նվիրված են աստղագիտության ամենատարբեր հարցերին` Արեգակից, մոլորակներից, աստղերից, միգամածություններից և գալակտիկաներից մինչև բազմալիքային աստղագիտություն, տիեզերական մագնիսական դաշտեր և տիեզերական աստղադիտակներով ստացված գիտական արդյունքները: Կքննարկվեն նաև աստղագիտական կրթության և սիրողական աստղագիտության հարցերը Եվրոպայում, ինչպես նաև աստղագիտության կապն այլ գիտությունների հետ

 

 

 

ԵԱԸ հիմնադրվել է 1990 թ., իր կազմում ունի 25 ազգային աստղագիտական ընկերություն (այդ թվում և ՀԱԸ) և շուրջ 1100 անհատ անդամ, իր գործունեությամբ կոորդինացնում է եվրոպական աստղագիտությունը, տարեկան անցկացնում է համագումարներ, ունի տարեկան մրցանակներ ճանաչված և երիտասարդ աստղագետների համար: Հիշեցնենք, որ 2007 թ. ԵԱԸ համագումարն անցկացվել է Հայաստանում, որը մեր երկրում երբևէ անցկացված ամենախոշոր գիտական իրադարձությունն էր:

 

ԵԱԸ համագումարի համացանցային կայք-էջն է`http://eas.unige.ch/EWASS2015/organizers.jsp

 

Հայկական աստղագիտական ընկերություն