Մամուլի հաղորդագրություն #370, 09.12.2014թ.
2015թ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ
2015թ․ օգոստոսի 3-14-ին Հոնոլուլուում (Հավայան կղզիներ, ԱՄՆ) տեղի կունենա եռամյակի աստղագիտական խոշորագույն իրադարձությունը` Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) XXIX գլխավոր ասամբլեան (համագումարը): Նման համագումարներ անցկացվում են 3 տարին մեկ անգամ` սկսած 1922թ.: Սպասվում է, որ համագումարին ներկա կլինեն մոտ 4000 աստղագետներ և հարակից մասնագետներ, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ շուրջ 70 երկրներից: Նախատեսված է խիստ հագեցած գիտական ծրագիր. զուգահեռաբար կանցկացվի 6 ՄԱՄ գիտաժողով (IAU Symposia, թիվ 315-320), 22 թեմատիկ քննարկումներ (Focus Meetings), համատեղ քննարկումներ, հրավիրված և պլենար զեկուցումներ, ինչպես նաև մի շարք վարչական նիստեր, մրցանակների հանձնում, խորհրդակցություններ, քննարկումներ և այլն:
Գիտաժողովների և այլ նստաշրջանների թեմատիկան ընդգրկում է աստղագիտության և աստղաֆիզիկայի բոլոր ոլորտները` Արեգակից, մոլորակներից և Արեգակնային համակարգի փոքր մարմիններից մինչև աստղեր, միջաստղային միջավայր, գալակտիկաներ և տիեզերաբանություն, ինչպես նաև ապագայի խոշոր ծրագրերը, վիրտուալ աստղագիտությունը, աստղագիտության զարգացման համաշխարհային ռազմավարությունը, աստղագիտության պատմությունը, աստղագիտական վայրերի պահպանումը և լուսային աղտոտվածությունը, աստղագիտական կրթությունը, սիրողական աստղագիտությունը և հասարակության հետ կապերը: ՄԱՄ հաջորդ համագումարը տեղի կունենան 2018թ. Վիեննայում (Ավստրիա):
ՄԱՄ համագումարի համացանցային կայք-էջն է`http://astronomy2015.org/
Հայկական աստղագիտական ընկերություն