Մամուլի հաղորդագրություն #376, 15.12.2014թ.

 

Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2014թ. Արդյունքները

Դեկտեմբերի 15-ին կայացած գիտական անձնակազմի ժողովում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանն (ԲԱ) ամփոփեց 2014թ. արդյունքները: Ժողովին ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ Նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Չիլինգարյանը։ Հաշվետու զեկուցումով հանդես եկավ աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Կարևոր գիտական արդյունքների թվում նշվեցին աստղերի, աստղաառաջացման տիրույթների, գերնորերի և ակտիվ գալակտիկաների ուսումնասիրությունը, տիեզերաբանական և տեսական աստղաֆիզիկայի խնդիրների լուծումը և այլն: 2014-ին ԲԱ աստղագետները բարձր արդյունավետություն են ցուցաբերել գիտական աշխատանքների հրապարակման հարցում։ Դրան մասնավորապես օժանդակել է Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված Հայաստանում 2013թ կայացած Միջազգային աստղագիտական միության թիվ 304 գիտաժողովի, Լյուդվիկ Միրզոյանի 90-ամյակին նվիրված 2013թ կայացած հայ-վրացական խորհրդակցության և Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված 2012թ կայացած պատմա-աստղագիտական գիտաժողովի նյութերի ժողովածուների հրատարակումը։ 2014-ին լույս է տեսել նաև «Վիկտոր Համբարձումյան կյանքը և գործունեությունը» անգլերեն գիրքը։ Անցկացված միջոցառումներից նշվեցին հոկտեմբերին կայացած «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով գիտաժողովը և Առաջին բյուրականյան գիտաճամբարը: ԲԱ աստղագետները մասնակցել են մի շարք միջազգային գիտաժողովների, այդ թվում՝ 2014թ հուլիսին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Եվրոպական աստղագիտական համագումարին, իսկ երիտասարդ աստղագետներից մի քանիսը՝ միջազգային դպրոցների։ Բացի այդ, ԲԱ գիտաշխատողները բազմաթիվ գործուղումներ են ունեցել գիտական համագործակցությունների նպատակներով։ ԲԱ-ում ակտիվ գործել են ընդհանուր սեմինարները, որտեղ նաև զեկուցել են մի շարք արտասահմանյան աստղագետներ։ Ժողովում խոսվեց նաև աստղադիտարանի զարգացման ռազմավարական ծրագրից և առաջիկա տարիների հեռանկարներից:

 

Հայկական աստղագիտական ընկերություն