Մամուլի հաղորդագրություն #377, 15.12.2014թ.

 

ԳՈՒՐԳԵՆ ՊԱՐՈՆՅԱՆԸ` ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՍՏՂԱԳԵՏ

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) դեկտեմբերի 15-ին հայտարարվեց երիտասարդ աստղագետների համար սահմանված Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) Երվանդ Թերզյանի անվան 2014թ. տարեկան մրցանակի դափնեկրի անունը: Այս անգամ մրցանակին արժանացավ ԲԱ կրտսեր գիտաշխատող Գուրգեն Պարոնյանը: Նա բավականին բարձր ակտիվություն է ցուցաբերել 2014թ. ընթացքում՝ հրապարակելով 4 աշխատանք գիտական ամսագրերում, 8 աշխատանք գիտաժողովների նյութերում, զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովում և երիտասարդական դպրոցում և 2 սեմինար է անցկացրել ԲԱ-ում

Գուրգեն Պարոնյանը 29 տարեկան է: 2008-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն աստղաֆիզիկա մասնագիտացմամբ: Դեռևս ուսանողական տարիներից՝ 2006-ից, աշխատում է ԲԱ-ում: Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) գիտական խմբի անդամ է, ինչպես նաև ԲԱ լուսանկարչական թիթեղների արխիվի պատասխանատուն։ 2014-ին եղել է Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ANSEF) դրամաշնորհի արժանացած խմբում։ Գիտական ղեկավարն է Արեգ Միքայելյանը։ Գիտական աշխատանքները նվիրված են ակտիվ գալակտիկաներին, մասնավորապես ռադիոգալակտիկաներին և տիեզերական ռենտգենյան աղբյուրներին: ՀԱԸ անդամ է 2010 թվից

ՀԱԸ մրցանակային գումարը կազմում է 500 ԱՄՆ դոլար և հովանավորվում է ՀԱԸ համանախագահ, ամերիկահայ նշանավոր աստղագետ Երվանդ Թերզյանի կողմից: Երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակը սահմանվել է 2004թ. ՀԱԸ կողմից և տրվում է տարվա ընթացքում ամենամեծ գիտական հաջողությունների հասած մինչև 35 տարեկան աստղագետներին։ 2004-2013թթ. մրցանակին արժանացել են 11 երիտասարդ գիտաշխատողներ (4 անգամ մրցանակը կիսվել է երկուական հոգու միջև), այդ թվում Լուսինե Սարգսյանը, Փառանձեմ Սինամյանը և Վարդան Ադիբեկյանը մրցանակին արժանացել են երկուական անգամ:

 

Հայկական աստղագիտական ընկերություն