Մամուլի հաղորդագրություն #378, 15.12.2014թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ 2014Թ․ ԳԱԼԻԼԵՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի ԲԱ տարեվերջյան ժողովում դեկտեմբերի 15-ին Աշոտ Հակոբյանին և Սերգեյ Ներսիսյանին հանձնվեցին Գալիլեյան ուսուցիչների միջազգային ծրագրի (Galilean Teachers Training Program, GTTP) հավաստագրեր: Այսպիսով, նրանք դարձան Գալիլեյան ուսուցիչներ: Ըստ GTTP միջազգային ծրագրի, այդ կոչմանն արժանանում են նորարարական մեթոդներով աստղագիտություն դասավանդող ուսուցիչները, ովքեր նաև նպաստում են այդպիսի մեթոդների տարածմանը և այլ ուսուցիչների վերապատրաստմանը, ինչպես նաև աստղագիտական կրթության բնագավառում մեծ ներդրում ունեցող անձինք:
Աշոտ Հակոբյանը ԲԱ ավագ գիտաշխատող է, դասավանդում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, ֆիզ․մաթ․ գիտ․ թեկնածու է։ ԲԱ մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է։ 2001 թվից Հայաստանի դպրոցական աստղագիտական օլիմպիադաների ժյուրիի նախագահն է: Մասնակցել է միջազգային աստղագիտական օլիմպիադաներին որպես Հայաստանի թիմի ղեկավար։
Սերգեյ Ներսիսյանն աշխատել է ԲԱ-ում և ներկայումս դասավանդում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, ֆիզ․ մաթ․ գիտ․ թեկնածու է։ Նա Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և հանրապետական աստղագիտական օլիմպիադաների հանձնաժողովի անդամ է, մասնակցել է միջազգային աստղագիտական օլիմպիադաներին որպես Հայաստանի թիմի ղեկավար:
Հիշեցնենք, որ 2011 թվից Գալիլեյան ուսուցչի հավաստագրի են արժանացել Մարիետա Գյուլզադյանը, Տիգրան Նազարյանը, Ավետիք Գրիգորյանը և Ռոբերտ Սարգսյանը:
Հայկական աստղագիտական ընկերություն