Մամուլի հաղորդագրություն #380, 16.12.2014թ.
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ և ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Տուրիզմի հայկական ինստիտուտի (հասցե՝ Երվանդ Քոչարի 12/1, հեռ.` 010-520530, 098-487256) թիվ 105 լսարանում կկայանա հանդիպում «Գիտական տուրիզմն աշխարհում և Հայաստանում» թեմայով, որին հրավիրվում են տուրիստական գործակալությունների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև լրագրողներ:
Հանդիպման նպատակն է աշխարհում գիտական տուրիզմի կազմակերպման փորձի հիման վրա Հայաստանում զարգացնել գիտական բնույթի վայրեր այցելությունների փաթեթներ, մշակել Հայաստանը հյուրերին ներկայացնելու նոր մոտեցումներ, ծրագրեր, ինչպես նաև համագործակցությունների սկիզբ դնել գիտական կազմակերպությունների և տուրիստական գործակալությունների միջև: Հանդիպմանը կքննարկվեն Հայաստանում գիտական և գիտաճանաչողական տուրերի կազմակերպման արդյունավետ ձևերը և պայմանները: Ներկայումս այս տեսակի տուրիզմը Հայաստանում դեռևս թերի է, և դրա զարգացումը խիստ ցանկալի է: Գիտական տուրիզմի զարգացման արդյունքում տուրիստական գործակալություններն իրենց տուրիստական առաջարկներում կունենան Հայաստանը ներկայացնելու լայն հնարավորություն, իսկ գիտական կազմակերպություններն ավելի ճանաչելի կդառնան Հայաստանի հանրության և հյուրերի համար:
Ծրագրում` զեկուցումներ և քննարկում գիտական տուրիզմի հարցերի շուրջ: Մասնակցում են ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի (ICOMOS) Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և Միջազգային աստղագիտական միության «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» հանձնաժողովի անդամ Արեգ Միքայելյանը և այլք:
Հայկական աստղագիտական ընկերություն