Մամուլի հաղորդագրություն #385, 18.12.2014թ.
ՀԱՅ ԱՍՏՂԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2014թ. Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը (ISYA) տեղի ունեցավ Չանգ Մայում (Թաիլանդ) նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 12-ը:
Դպրոցին մասնակցեցին 41 ուսանող 15 երկրներից՝ Արգենտինա, Թաիլանդ, Թայվան, Ինդոնեզիա, Հայաստան, Հնդկաստան, Հոնգ Կոնգ, Կամբոջիա, Նեպալ, Մալայզիա, Չինաստան, Պակիստան, Շրի Լանկա, Վիետնամ և Ֆիլիպիններ: Հայաստանից ISYA-ին մասնակցեց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանը: Դասախոսների թվում էին հանրահայտ աստղագետներ Էդուարդ Գինանը, Միշել Դենեֆելդը, Միշել Ժերբալդին, Կամ Չինգ Լեունգը, Անդրեա Ռիկիկին, ինչպես նաև հայազգի աստղագետ Դավիթ Մկրտչյանը:
Ծրագրում ներառված էին դասախոսություններ, գործնական պարապմունքներ, դիտումներ և տվյալների մշակումներ: Մասնակիցներն այցելեցին նաև Թաիլանդի ամենաբարձր կետը (2500մ)՝ Դոյ Ինթանոնի վրա գտնվող Թաի ազգային աստղադիտարան:
ISYA-ներն անցկացվում են 1967 թվից և աստղագիտության մեջ ամենահարուստ ավանդույթ ունեցող միջազգային դպրոցներն են: ISYA-2014-ը թվով 36-րդն էր: Հիշեցնենք, որ թվով 32-րդ ISYA-ն տեղի է ունեցել 2010թ. Բյուրականի աստղադիտարանում, որին մասնակցեցին 19 երկրների 50 ուսանողներ և 7 երկրների 19 դասախոսներ:
Հայկական աստղագիտական ընկերություն